«Գոլդեն Փելես»-ը օրինական է, այն ոչ թե ձեռք է բերվել, այլ կառուցվել է. Նարեկ Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ անուններ նշել, թե ովքեր են հետաքրքրված Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցով։
Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա նիստում Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։
Լրագրողների հարցին, թե օտարման ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի, կոմիտեի նախագահը նշեց, որ պետք է այդ հարցը քննարկել, և միայն քննարկումների արդյունքում կարող են հասկանալ, թե որն է շահավետ տարբերակը։
«Որոշման ստորագրումից և հանձնման-ընդունման աշխատանքներից հետո զուգահեռ կքննարկվեն այդ առաջարկները՝ թե սակարկությունների միջոցով օտարման, թե հավատարմագրային տալու մրցույթի հնարավորությունները։ Կոչ եմ անում, որ բոլոր հետաքրքրվողները ներկայացնեն իրենց առաջարկները»,- ասաց նա։
Նարեկ Բաբայանը նաև հայտնեց, որ եղել են հյուրանոցը գնելու և վարձակալելու առաջարկներ։ Նա որոշ փակագծեր բացեց՝ նշելով, որ այդ առաջարկները հնչել են ինչպես Հայաստանից, այնպես էլ երկրից դուրս ապրող հայերի կողմից։
Ըստ նրա՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցը գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար։
Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից գույքի օրինական ձեռքբերմանը, Նարեկ Բաբայանն ասաց, որ գույքն օրինական է, այն ձեռք չի բերվել, այն կառուցվել է, իսկ թե կառուցման հետ կապված ինչ խնդիրներ կան, դա իրենց տիրույթում չէ։
Հարակից հրապարակումներ`
- Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը
- «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվության հետ կապված ռիսկեր կան. Նարեկ Բաբայան
- «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարևոր է իրավապահ մարմնի եզրակացությունը. Նարեկ Բաբայան
- Արմեն Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը. Նիկոլ Փաշինյան (լրացված)
- ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող երեք բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին