«Սանիթեք» ընկերության աշխատակիցն ուշաթափվեց կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք» ընկերության աշխատակիցները նստացույց հայտարարեցին։ Նրանք դժգոհում են, որ աշխատանքից դուրս են եկել, աշխատավարձ չեն ստացել, վերջնահաշվարկ չեն արել, մնացել են շվարած։
Հրաչյա Պարսյանը, ով «Սանիթեք» ընկերությունում վարորդ է աշխատել՝ սեպտեմբերի 1-ից դուրս է եկել իր դիմումի համաձայն։ Մի քանի տեղ դիմել է աշխատանքի անցնելու համար, սպասում է՝ կանչեն։
Ասում է՝ քաղաքապետարանի ներքո գործող համայնքային հիմնարկ չի գնալու, իր նախկին գործընկերները գնացել են, նրանց մի մասին ասել են՝ պետք է սպասել այնքան, մինչև աղբատար մեքենաները կհասնեն Երևան։
«Ես իհարկե դատի կտամ ընկերությանը աշխատավարձի պահանջով, բայց երեխայիս չեմ կարող ասել, սպասի, հաց մի կեր, մինչև գործի ընդունվեմ կամ դատի արդյունքում աշխատավարձս ստանամ»,-ասում է Պարսյանը։
Նույն ընկերությունում վեց տարի վարորդ աշխատած մեկ այլ տղամարդ էլ ասաց՝ աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 16-ին։ Մինչ այդ ճիշտ ժամանակին աշխատավարձ են ստացել, օգոստոսից չեն ստացել։
«Ես ոչ քաղաքապետարանին եմ մեղադրում, ոչ էլ այլ մարդկանց, թե «Սանիթեքը» կլինի մեզ վճարողը, թե քաղաքապետարանը, խնդրում եմ մեր աշխատանքի դիմաց գումարը մեզ տան»,-ասաց տղամարդը։
Ընկերության արդեն նախկին աշխատակիցները նշում են, օրական աշխատել են 8-9 ժամ, արձակուրդ չեն գնացել, ծանրաբեռնված են աշխատել։
«Աշխատել ենք նեգրի պես, պահանջում ենք մեզ վճարել»,-պահանջում են նրանք։
Մինչ նրանք պահանջներ էին ներկայացնում, տարեց աշխատակիցներից մեկն ուշագնաց եղավ։ Առաջին օգնություն ցույց տվեցին ակցիայի մասնակիցներն ու կարգը հսկող ոստիկանները, շտապ օգնություն կանչեցին։
Միջադեպն ավելի բարկացրեց ակցիայի մասնակիցներին, նրանք վրդովված պահանջեցին վարչապետից ցած իջնել ու տեսնել, թե ինչ է կատարվում։