«Հրապարակ». Կառավարական ամառանոցը հիմնանորոգում են, որ Փաշինյանն իր ընտանիքով տեղափոխվի այլ մասնաշենք
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ լուր էինք ստացել, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում, այսինքն՝ կառավարական ամառանոցներում, որտեղ այժմ բնակվում են Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ընտանիքները, թափով շինարարություն է ընթանում։ Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ հիմնովին նորոգվում է այն առանձնատունը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը։ Ընդ որում՝ թողել են միայն, կոպիտ ասած, շենքի պատերը, փոխվում են սենյակների դասավորությունը, դիզայնը, ամեն ինչ։
Քանի որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն անցել է կառավարության աշխատակազմին, զանգահարեցինք կառավարություն։ Այնտեղից պատասխանեցին, որ 2019 թվականի ընթացքում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ընդհանուր թվով 8 առանձնատուն՝ գումարած կաթսայատունը, ընթացիկ վերանորոգումների է ենթարկվում։
Հարցին, թե դա ինչով է պայմանավորված, ասացին․ «Պայմանավորված է ընթացիկ վերանորոգումներով, սա տնտեսություն է, որում մշտապես վերանորոգման խնդիրներ են առաջանում․ ջրահեռացում, բարեկարգում և այլն»։ Բնականաբար, հրաժարվեցին մեզ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել, քանի որ ՀՀԿ-ն ժամանակին օրենսդրական փոփոխությամբ հասել էր նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաների կեցության և այլ ծախսերը չէին տրամադրում մամուլին։
Սակայն մենք պարզեցինք, որ սա ընթացիկ վերանորոգում չէ՝ ծախսվում է մոտ 2 միլիոն դոլար, առանձնատունը նորոգվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվի նոր մասնաշենք։ Հինը չեն հավանում, իսկ Սերժ Սարգսյանի ապրած շենքում առանց հիմնանորոգման չեն ցանկացել ապրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան