Փաշիկ Ալավերդյան. Շնորհավորում եմ բոլորիս
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն դարձած Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) հաղթանակին Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
«Շնորհավորում եմ բոլորիս, ինչպես նաեւ Սիմոնի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին: Կեցցես, Աշոտ ջան: Շնորհակալ եմ կատարածդ աշխատանքի համար: Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ցավում են հայկական ծանրամարտի համար: Հույս ունեմ, որ վաղը նույնպես մեր դրոշը կծածանվի այստեղ: Այսօր Սիմոնը պատրաստ չէր ռեկորդի: Ռիսկի դիմել չէր կարելի: Եթե նա հանկարծ վնասվածք ստանար, ոչ ես ինձ կներեի, ոչ էլ՝ ինչ-որ մեկը: Ամեն դեպքում, մեկ ռեկորդ կա, ամեն ինչ կարգին է:
Շնորհակալություն եմ հայտնում մեր պետությանը, մեր կառավարությանը և պարոն Ծառուկյանին, որը միշտ աջակցում է մեզ և այսօր էլ պատրաստ է աջակցել»,- Առաջին ալիքի ուղիղ եթերում ասել է Փաշիկ Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը երկամարտում գրանցել էր 429 կգ (199+230) արդյունք: 22-ամյա Մարտիրոսյանը հաղթել էր բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանել էր աշխարհի ռեկորդ՝ 199 կգ: Հայ ծանրորդին են պատկանում նաեւ հրում վարժության ու երկամարտի աշխարհի ռեկորդները 109 կգ քաշային կարգում:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ գործող նախագահ խնդրանքով՝ Մնացականյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին
- Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին