Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում փոխգործակցության հնարավորություններին, ինչպես նաև կարևորեցին ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում համատեղ ծրագրերի իրականացումը։
Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը:
Երկուստեք դրական գնահատվեց վերջին ամիսներին լարվածության հարաբերական նվազումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը կարևորում է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը՝ ներառյալ համապատասխան մեխանիզմների ներդրման և ամրապնդման միջոցով։ Շեշտվեց նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան