Թագավոր, պալատականներ և մունետիկներ. Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացումը
Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցավ Հայաստանում անցկացվող Եվրոպական ժառանգության օրերի պաշտոնական բացման միջոցառումը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:
Միջոցառման պաշտոնական բացումն ազդարարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը:
«Հայաստանը եվրոպական մշակութային ընտանիքի անդամներից է՝ Եվրոպական ժառանգության օրերի մասնակից 50 երկրներից մեկը: Ծրագրի այս տարվա խորագիրն է՝ «Արվեստ և ժամանց», ինչը հնարավորություն է տալիս մեր բազմաշերտ մշակույթը ներկայացնել իր ամբողջ շքեղությամբ: Սա հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով նորովի բացահայտելու, հաղորդակցվելու, արժևորելու և հանրահռչակելու մեր մշակութային ժառանգությունը»,- իր ելույթում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Եվրոպական ժառանգության օրերը հիանալի առիթ են վեհիշելու նախնիներից մեզ թողնված մշակութային ժառանգությունը։ Մենք բոլորս պետք է արժևորենք և պահպանենք այս ժառանգությունն ապագա սերունդների համար»,- իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը:
Թագավոր, պալատականներ և մունետիկներ, մեմեր ու ծաղրածուներ, շրջող թատերախմբեր. Ամբերդի տարածքը մի քանի ժամով վերածվել էր հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող տոնական հարթակի, որտեղ հանդիպել էին հայկական մշակույթի անցյալն ու ներկան, արվեստն ու ժամանցը։ Հյուրերը, նրանց թվում նաև Արագածոտնի մարզի մի խումբ դպրոցականներ, հնարավորություն ունեցան տաղավարների միջոցով ծանոթանալու հայկական մշակույթի տարբեր ոլորտներին ու անձամբ մասնակցելու միջոցառման գաղափարախոսությունը ներկայացնող մեծ կտավի ստեղծման աշխատանքներին:
Ամբերդում էր նաև Տալինից ժամանած «Ֆլորա» էստոնական կամերային երգչախումբը, որը համպատրաստից գեղեցիկ երգ կատարեց Եվրոպական ժառանգության օրերի տոնակատարության ժամանակ։
Եվրոպական ժառանգության օրերն այս տարի անցկացվում են «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո: Սեպտեմբերի 28-ին և 29-ին հայկական ավելի քան 100 մշակութային կազմակերպությունների և զանգվածային հաճախումների համար փակ մի շարք պատմամշակութային հուշարձանների տարածքում կկազմակերպվեն բազմաթիվ ու բազմաժանր մշակու¬թային միջոցառումներ. համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր և այլն: Նախարարության կողմից կազմակերպված միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում: