Հայաստանին հաջողվում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում. իրանագետ
Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում գրանցել է մի շարք հաջողություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Վարդուհի Հարությունյանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին՝ քաղաքագետը դա համարեց կարևոր իրադարձություն։ Նշենք, որ նիստին մասնակցելու են 8 երկրի ղեկավարներ, բացի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից, Հայաստան են այցելելու Իրանի, Մոլդովայի նախագահները, արդեն իսկ Երևանում է Սինգապուրի վարչապետը։
Ինչ վերաբերում է Հայաստանի գրանցած հաջողություններին, Վարդուհի Հարությունյանն առանձնացրեց 2018թ-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ստորագրված Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը։ Նա նշեց, որ ներկայումս բոլոր անհրաժեշտ գործընթացները իրականացված են և և Իրանի հետ ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2019թ-ի հոկտեմբերի 27-ին:
«Իրանի հետ բանակցություններում մեծ ներդրում է ունեցել Հայաստանը, քանի որ փաստացի Հայաստանին է վստահված եղել բանակցությունների իրականացումը։ Ըստ էության, Հայաստանը կարողացել է հաջողությամբ ավարտին հասցնել այդ բանակցությունները։ Իրանի հետ այս համաձայնագիրը կարևոր է նրանով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Այսպիսով, այս համաձայնագիրը Հայաստանի համար մեծ հնարավորություններ է բացում»,- ասաց Վարդուհի Հարությունյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ նրա՝ այս հարցում ևս Հայաստանը բավական լուրջ ներդրում է ունեցել։ Նշենք, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։
«Այս տարվա հուլիսին Սինգապուր կատարած այցելության ընթացքում ՀՀ վարչապետը ոչ միայն ներկայացրել է Հայաստանը, քննարկել է ոչ միայն Հայաստան-Սինգապուր երկկողմ օրակարգային հարցեր, այլև որպես ԵԱՏՄ-ի նախագահող երկրի ղեկավար, ներկայացրել է նաև ԵԱՏՄ-ն և այդ բանակցությունները մեծ խթան են հանդիսացել համաձայնագրի ստորագրման համար»,- ընդգծեց Վարդուհի Հարությունյանը։
Իրանագետ Արմեն Իսրայելյանն էլ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագրին՝ նշեց, որ այն կարող է դրական ազդեցություն ունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։
«Այս համատեքստում, կարծես թե, Հայաստանին հաջողվում է քաղաքական տեսանկյունից իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում։ Վերջին տարիներին այն մեկուսացումը, որ կար մեր երկրի շուրջ, կարծես թե, ճեղքվում է՝ հաշվի առնելով Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով եռակողմ համագործակցությունը։ Իհարկե այդ ճեղքման գործընթացը շատ բարդ է լինելու և Հայաստանից հավելյալ հետևողական աշխատանք է պահանջվելու, այդուհանդերձ, այսօր կարող ենք ասել, որ Հայաստանի հնարավորությունները՝ որպես տարանցիկ երկիր, սկսել են կարևորել Իրանում»,-ասաց իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
- Սինգապուրի վարչապետը տեսանյութ է հրապարակել Հանրապետության հրապարակից
- Լուկաշենկոն երկու օրով կգա Հայաստան
- ԵԱՏՄ-ից արտահանումները դեպի Սինգապուր կազատվեն մաքսատուրքերից
- Կարծում եմ՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի այս նիստը կարելի է համարել հաջողված. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան