Գևորգ Էմինի ծննդյան օրն է
Այսօր գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի 100-ամյակն է:
Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։
1940 թվականին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին բախտ է ունեցել շփվել իր կուռքի՝ Եղիշե Չարենցի հետ և նրանից ստացել է որոշ բանաստեղծական դասեր։ 1940-1942 թթ. աշխատել է Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։ 1942-1944 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում: 1954-1956 թվականներին ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-1972 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։
Գրել է «Նախաշավիղ», «Խաղաղության ծխամորճը», «Նորք», «Նոր ճանապարհ», «Որոնումներ», «Երևանի լույսերը», «Մինչև այսօր», «Երկու ճամփա», «Այս տարիքում», «Քսաներորդ դար», «Յոթ երգ Հայաստանի մասին», «Ելք Եգիպտոսից» բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների գրքերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լատիշերեն, լեհերեն, վրացերեն, կորեերեն, ուզբեկերեն, բելառուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, ավարերեն, բուլղարերեն, արաբերեն, չեխերեն, հունգարերեն, լիտվերեն և այլ լեզուներով։
«Այն բանի համար, որ ես այսօր ոչ թե կամուրջներ կամ ջրանցքներ եմ սարքում, այլ գրում եմ գրքեր՝ շնորհակալ եմ դպրոցում ինձ հանդիպած հայ գրողներից ամենափայլուններից մեկին՝ Եղիշե Չարենցին։ Ես նաև շնորհակալ եմ իմ մասնագիտության համար՝ միայն ճիշտ գիտությունը կարող է օգնել ստեղծագործողին զարգացնել իր մեջ հոգևոր հավասարակշռություն, խուսափելով շատախոսությունից և հաճախակի տասը քայլ անելուց այնտեղ, որտեղ մի քայլը բավական կլիներ։ Ընդհանուր, ես ունեմ տասը սեփական գիրք, երեք որդի և իմ փոքրիկ Հայաստանը, որը հարուստ է իր ձգտումներով»,- գրել է Գևորգ Էմինը:
Գ. Էմինը ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է՝ 1951, «Նոր ճանապարհ» ժողովածուի համար և 1976, «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գրքի համար, Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979)։
Հայֆիլմ կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» կինոնկարը, որն արժանացել է անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս – 69» և լենինգրադյան համամիութենական փառատոնի երկրորդ մրցանակներին։
Գ. Էմինը հայերեն է թարգմանել այլազգի հեղինակների, որոնցից լավագույնները ամփոփված են «Գիրք թարգմանությանց» (Երևան, 1984 թ.) գրքում։ Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին Երևանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան