ՊՆ մեքենաների մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով կա զոհ և տուժածներ
Երեկ ժամը 19։30-ի սահմաններում Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել եղել ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ» և 1 «ԶԻԼ» մակնիշների), այնուհետև «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հակոբ Հ., ծնված 1958 թ.) բախվել է կայանած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի կցորդիչին: «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի վարորդը տեղում մահացել է, իսկ 14 ուղևորները հոսպիտալացվել են Արմավիրի և Թալինի ԲԿ-ներ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Քննչական կոմիտեից հայտնել են, Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար:
«Երեկ ժամը 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսի վարորդ՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնել էին ՔԿ-ից։
ԱԻ նախարարությունից հայտնում են 14 տուժածի մասին։
Մանե Մ.-ն (ծնված 1996 թ.), Քրիստինե Ե.-ն (ծնված 2001 թ.), Արայիկ Հ.-ն (ծնված 1990 թ.), Մարգարիտ Ս.-ն (ծնված 1957 թ.), Սուսաննա Մ.-ն (ծնված 1954 թ.), Սաթենիկ Ա.-ն (ծնված 1957 թ.), Հարություն Հ.-ն (ծնված 1965 թ.), Արման Հ.-ն (ծնված 2003 թ.) և Ռուզաննա Ա.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, իսկ Սուրեն Մ.-ն (ծնված 2003 թ.), Կարինե Պ.-ն (ծնված 1980 թ.), Սիլվա Խ.-ն (ծնված 1973 թ.), Գայանե Ա.-ն (ծնված 1969 թ.) և Արաքսյա Մ.-ն (ծնված 1989 թ.)՝ Արմավիրի ԲԿ:
Սուրեն Մ.-ն և Կարինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Ռուզաննա Ա.-ն, Սիլվա Խ.-ն, Արաքսյա Մ.-ն և Գայանե Ա.-ն տեղափոխվել են համապատասխանաբար Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, «Աստղիկ» և «Էրեբունի» ԲԿ-ներ:
Բժիշկները Ռուզաննա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: