Գագիկ Խաչատրյանի փաստաբան. Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել ճնշումները
«Կարող եմ միայն մի բան արաձանագրել։ Այն առաջընթացը, որը կար հեղափոխությունից հետո դատական համակարգի առումով, որ դատարանները որոշակի անկախություն ու ազատություն ունեին, հիմա այս համակարգն ընդհանրապես կործանվել է»,-ասել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա ընդգծել է, որ դատական, իրավական համակարգի մոտ կանգնած յուրաքանչյուր անձ, գոնե կասեր, որ վերաքննիչ դատարանը միակ հույսն էր մնացել նախկինում էլ, ներկայում էլ։
«Այս պահին Ռուբիկ Մխիթարյանի նման դատավորը, որը միշտ աչքի է ընկել իր կայացրած անկախ ու օբյեկտիվ որոշումներով, այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք առկա են իր նկատմամբ»,-ասել է Երեմ Սարգսյանը։
«Մենք երկու դատական ատյաններում էլ ասել էինք, որ այս քրեական գործի հետ կապված հասկանալի են բոլոր ակնհայտ ճնշումները՝ հասարակական մակարդակում, ցանկությունների մակարդակում, հնչող հայտարարությունների մակարդակում, գուցե նաև անդրկուլիսային մակարդակներում։ Սակայն արդարադատության երաշխիքը դատարանի պատճառահետևանքային որոշումն է։ Եթե դատարանը պատճառաբանված որոշում կայացնի, մեր փաստերի վերաբերյալ կոնկրետ փաստերով հերքում կատարի, այդ դեպքում կարող ենք արձանագրել, որ արդարադատություն կարող է լինել։ Սակայն, եթե ես ցույց տամ առաջին ատյանում մեր գրավոր առարկությունը ու դատարանի որոշումը, պարզ կտեսնեք այս գործի ուղղակի աբսուրդի հասնող որոշումը։ Դատարանը, կարելի է ասել, գրել է Գագիկ Խաչատրյանի անունը, գրել է նախադեպների շարք և որոշել է կալանավորել։ Եթե անունը փոխեինք, այս դատական ակտը չէր էլ լինի», - լրագրողների հետ զրույցում նշել է Երեմ Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ ըստ էության այլևս ներպետական ատյաններում չեն կարծում, որ որևէ հույս կա արդար քննության հետ կապված և ստիպված կլինեն նաև միջազգային ատյաններում ներկայացնել խնդիրը։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված
- Վերաքննիչ դատարանը հեռացել է՝ Գագիկ Խաչատրյանի կալանավորման հարցով որոշում կայացնելու
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան