Գևորգ Էմին-Տերյան. Նախարարությանը ոչ մի ձևով չի հուզել Էմինի 100-ամյակը
«Պետությունը, մասնավորապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ոչինչ չի նախաձեռնել նվիրված Գևորգ Էմինի 100-ամյակին»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց Գևորգ Էմինի թոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը։
Նա նշեց, որ թեև հորեղբարը՝ Արտաշես Էմինը դիմել, գնացել է նախարարություն, հանդիպել է, բայց ոչ մի ձևով նախարարությանը չի հուզել Էմինի 100-ամյակը. «Ուղարկել են մի փոխնախարարի մոտ, հետո երկրորդ փոխնախարարի մոտ, հետո ինչ -որ աշխատակից է հանդիպել իր հետ, վերջում պարզվել է՝ ոչինչ նախատեսված չէ և ոչինչ չենք կարող անել»։
Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացրեց, որ այսօր լինելու է Գևորգ Էմինի դրոշմանիշի մարում։
«Գևորգ Էմինը սիրված պոետ է, նրան հիշում են, հոբելյանական տարվա շրջանակում Չարենցավանում փողոց է բացվելու, իր անվան դպրոցում արդեն տեղի են ունեցել և դեռ կազմակերպվելու են միջոցառումներ։ Իհարկե, կլինեն միջոցառումներ, բայց դրանց մեջ չկա այն շուքը։ Պետությունը պետք է ցույց տա, որ այս գրողն ինձ համար կարևոր է։ Օրինակ հռչակում են դասական գրողներ, պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնում այդ գրողների նկատմամբ, 30 տարին մեկ հրատարակելու, ատենախոսությունների թեմաներ դարձնելու և այլն։ Խորհրդային տարիներին այդպես էր. եթե գրողը ճանաչվում էր դասական, պետությունը որոշակի պարտավորություններ էր ստանձում, այլ բան, որ կար գրաքննություն, կիսատ էին հրատարակվում, և այլն, բայց հրատարակվում էին։ Հիմա ուղղակի կա բարձրակոչ բան, կարող է մեկը ստատուս գրի, բայց որևէ պարտավորություն չկա և ամենակարևորը չի երևում, թե ով է սրա պատասխանատուն, այսինքն՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որ պաշտոնյան է, որ սրա համար պետք է պատասխան տա»,- ասաց գրականագետը։
Նա նշեց, որ Գևորգ Էմինից հսկայական չտպագրվաած նյութ կա։
«Լավ կլիներ ոչ միայն մեր ուժերով, դանդաղ անեինք, մշակեինք արխիվն ու պատրաստեինք հրատարակության, այլև պետությունն էլ օգներ ինչ-որ բանով։ Ավետիք Իսահակյանի ժառանգությամբ զբաղվում է իր թոռը, Վահան Տերյանի ժառանգությամբ զբաղվում եմ կրկին ես։ Սա նշանակում է, որ մենք գտնվում ենք ազգային խեղճության մի փուլում․ եթե գրողն ունի ժառանգ, որը գիտական հակումներ ունի, կարողանում է գիտական աշխատանքներ գրել, ուրեմն նա կուսումնասիրվի, կհրատարակվի։ Եթե ժառանգ չունի, գրողը դատապարված է մոռանալուն։ Կարծում եմ՝ սա ցեղերին բնորոշ ինչ-որ բան է։ Մենք ցեղ չենք, պետք չէ ժառանգների վրա դնել այդ ամբողջ ծանրությունը։ Այս տարի Երվանդ Օտյանի 150-ամյակը չնշվեց, որովհետև Օտյանը Հայաստանում ապրող ժառանգ չունի, եթե ունենար, գուցե նշվեր, որևէ բան կազմակերպվեր»,- նշեց Գևորգ Էմին-Տերյանը։
Գրականագետը կազմել է «100 բանաստեղծություն Էմինից» գիրքը, որը կհրատարակի իր անձնական կամ ընտանիքի միջոցներով։
«Տպված բանաստեղծություններից են, բայց հույս ունեմ, որ կլինի նաև անտիպների հատոր։ Հսկայական անտիպ ժառանգություն կա, ուղղակի երկար աշխատանք է պահանջում, որպեսզի ընտրվեն լավագույնները, վերծանվեն, հասկանալ, թե ինչ պատճառներով չի հրատարակել։ Հույս ունեմ 2020 թվականի սկզբին դրա մի մասը արված կլինի։ Հսկայական նամակագրություն, նշումներ, շատ հետաքրքիր փաստաթղթեր կան, որոնք մի ամբոջ էպոխա են, միայն Էմինին չեն վերաբերում, այլ ամբողջ դարաշրջանի են բնորոշ՝ 1940-1990-ականները, մեր ժողովրդի 50-60 տարին երևում է Էմինի արխիվում։ Հիմա դա չուսումնասիրելը, չհրատարկելը նշանակում է թքած ունենալ մեր մշակույթի և պատմության վրա»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը։