Մարգարիտա Խաչատրյան. Հիշեցնում ենք վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք
«Մենք մուրացիկներ չենք, հաց հավաքողներ չենք, մենք նրանց բառերի կարիքը չունենք»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ բանակում տարբեր տարիներին տարբեր պատճառներով մահացած զինծառայողների մայրերը պահանջում են իրենց ընտանիքներին փոխհատուցում տրամադրել, ինչպես դա արվեց 2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների դեպքում։
«Եթե փողոցային վեճերի համար 30 միլիոն դրամ տալու հնարավորություն ունեն, ապա 30 միլիոնի հնարավորություն պետք է ունենան՝ զոհվածների ընտանիքներին ապահովելու: Ասում եք՝ փողի խնդիր չունենք, բարի եղեք, հիմնադրամի հետ մի կապեք զոհվածների ընտանիքներին: 1990 թվականից մինչ օրս զոհվածների ընտանիքները ակնկալիքը չեն բարձրացրել, փողոց դուրս չեն եկել, իրենց շորերը հարգել են, ու ասել են՝ պետություն, եթե դու հայտարարում ես, որ փող կա, տեղավորելու տեղ չկա, մենք տեղը ցույց ենք տալիս»,-ասաց Մ. Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս 365 հազար դոլար բյուջեից ծախսվեց Փաշինյանի՝ ԱՄՆ այցի համար, մինչդեռ, ըստ նրա, կարելի էր մի քանի ընտանիքի սոցիալական խնդիրներ լուծել։
Կազմակերպության նախագահն ասաց՝ սեպտեմբերի 11-ից դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մի քանի օր անց՝ սեպտեմբերի 19-ին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ հանդիպել են նրան, ներկայացրել իրենց պահանջը, ակնկալում էին , որ լուծում կտրվի կամ ընդունելություն կլինի, բայց մինչ օրս արձագանք չի եղել։
«Մենք հասկանում ենք, որ օտար պետությունների ղեկավարներ կան Հայաստանում։ Բայց հիշեցնում ենք մեր վարչապետին, որ մինչև վերջ պայքարելու ենք, հետ չենք կանգնելու։ Վարչապետը պարտավոր է սևազգեստ մայրերի խնդիրիներին լուծում տալու»,-ասաց նա։
Նրանք առաջարկում են օրենսդրական փոփոխություն իրականացնել, զոհվածների ընտանիքների համար թոշակ հատկացնել։ Նա ասաց, շարունակելու է պայքարը հանուն զինվորների ու նրանց ընտանիքների, երբեք կուսակցական չի եղել։
«Մի զինվորի եղունգ թող չվնասվի, իսկ իմ հասցեին ինչ կուզեն, թող ասեն, ինչ կուզեն թող գրեն։ Ես աղերսում եմ աստծուն, որ ես լինեմ վերջին մաման, որ բալա կորցրեց»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մարգարիտա Խաչատրյանը հացադուլ հայտարարեց
- Լարված իրավիճակ. Մարգարիտա Խաչատրյանը փակել է կառավարության շենքի մուտքը
- Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի․ Մարգարիտա Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին