ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը կալանավորվեց
Դատարանն այսօր բավարարել է ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:
Ըստ աղբյուրի, կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորայր Փանոսյանը, 2011-2014թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական, տնօրինչական, կարգադրիչ ու վերահսկողական լիազորություններով, դեռևս չպարզված, նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ միասին, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև՝ նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:
«Հանցավոր գործողությունների հետևանքով պետության, Երևան համայնքի, ինչպես նաև վերը նշված նոտարների իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. Երևան համայնքին պատկանող նշված անշարժ գույքերը վաճառվել են 45.630.000 ՀՀ դրամ պակաս արժեքով, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նույն չափով եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ նոտարները, իրավունք ունենալով անհատույց հիմունքներով գործունեություն իրականացնել իրենց կողմից զբաղեցրած տարածքներում, զրկվել են այդպիսի հնարավորությունից՝ կրելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 127.000.000 ՀՀ դրամ գումարի վնասներ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակից Տիգրան Դավթի Տեր-Հարությունովին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է»,-հայտնում են քննչական կոմիտեից։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ գործի համար նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան