Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի հետ նա ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում: Համերգի ընթացքում կհնչեն Բեթովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները:
«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թթ., Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Այս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտին, Վալերի Գերգիևը և այլոք:
Հոկտեմբերի 5-ին, Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում: Իսկ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Էդուարդ Թոփչյանի հայաստանյան համերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 16-ին:
Համերգին կմասնակցեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: Ծրագրում՝ Սիբելիուսի Ջութակի կոնցերտ, Ռավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր: