Նախագահ Թրամփի դեմ սկսվեց իմպիչմենտի գործընթաց
Քաղաքական իրավիճակը Վաշինգտոնում լարվեց, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց նախագահ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ կապված նրա և Ուկրաինայի նախագահ Զելեսկու միջև հանրությանը հայտնի հեռախոսազրույցի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսին կայացած հեռախոսային զրույցը, ուր Թրամփը խնդրել էր ուկրաինացի իր գործընկեոջը հետաքննել իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդի Հանթերի գործունեությունը Ուկրաինայում, լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ: Ըստ դեմոկրատների՝ այս խնդրանքը կապված է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրման հետ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Թրամփն իր հերթին հերքում է այդ պնդումը՝ ընդգծելով, որ ամերիկյան օգնության և նրա խնդրանքի միջև չկա որևէ կապ: Նա հետաքննության կոչերը որակել է վհուկների որս:
Սպիտակ տունը հրապարակել է զրույցի սղագրությունը, որը ապացուցում է, որ Թրամփը հիշատակել է Բայդենի և նրա որդու անունները զրույցի ընթացքում: Թրամփն իր հերթին մատնանշում է նախագահ Զելենսկու պնդմումը, որ որևէ ճնշում չի եղել:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան անկախ երկիր է և պատրաստ է հետաքննել յուրաքանչյուր անօրինականություն, սակայն չի գործում որևէ այլ երկրի հրամանով: Նա հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում հրապարակել Թրամփի հետ խոսակցության իր տարբերակը:
Հայտնի է նաև, որ այս գործում շոշափվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի անունը, ով մի քանի անգամ հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ: Օրերս նախատեսված էր նրա այցը Հայաստան ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, սակայն Ջուլիանին վերջին պահին չեղարկել է իր այցը Երևան՝ պատճառաբանելով Պուտինի ներկայությունը: Ըստ լրատվամիջոցների, այցի չեղարկման հիմնական պատճառը իմպիչմենտի հարցի շուրջ ստեղծված կացությունն է: Ջուլիանին կասկածի տակ է առնում Հետախուզական հանձնաժողովի դեմոկրատ նախագահի՝ իրեն հարցաքննելու դրդապատճառները, սակայն նշել է, որ կհետևի նախագահի կարգադրությանը:
Ջուլիանին ընդգել է, որ վկայություն կտա, եթե նախագահ Թրամփը ցանկանա, որ ինքը խոսի: Բացի այդ, նա քննադատության ենթարկեց կոնգրեսական Շիֆին՝ նրա նախագահությունը հանձնաժողովում որակելով կողմնակալ:
Իր հերթին կոնգրեսական Շիֆը կիրակի օրը հայտարարեց, որ Կոնգրեսը մտադրված է ստանալ նաև նախագահ Պուտինի ու այլ առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրույցների սղագրությունները, քանզի, ըստ դեմոկրատ կոնգրեսականի, Թրամփը կարող է վտանգի ենթարկած լինի ազգային անվտանգությունը: Մոսկվան արձագանքել է այս հայտարարությանը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, ով հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հրապարակման համար Վաշինգտոնը պետք է ստանա Մոսկվայի համաձայնությունը, քանի որ առաջնորդների զրույցների հրապարակումը սովորական երևույթ չէ դիվանագիտության մեջ: Խոսնակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այս հարցը Վաշինգտոնի հետ:
Հիշեցնենք, որ իմպիչմենտի այս գործընթացի նախաձեռնումը չորրորդն է ԱՄՆ պատմության մեջ: Հաշվի առնելով Սենատում հանրապետականների մեծամասնությունը՝ դժվար է պատկերացնել, որ այն կիրականացվի, սակայն այս գործընթացը կարող է ազդել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: