Առաջարկվում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները հանել մասնավորեցման ցանկից
Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում։
Մասնավորապես, մասնավորեցման ծրագրի ցանկից առաջարկվում է հանել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն:
Նարեկ Բաբայանը նշեց, որ «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ցանկից հանելու մասին առաջարկը ներկայացրել է նախկին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։ Հիմնավորումը հետևյալն է, որ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, մեծածախ շուկայում վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից, որի դերում ներկայումս հանդես է գալիս «Էներգաիմպեքս» ընկերությունը։
Ինչ վերաբերում է «Հայփոստ» ընկերությանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ասաց, որ այն մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից հանելու առաջարկություն էլ ներկայացրել է նախկին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
Հիմնավորումը հետևյալն է. «Ներկայում ՀՀ ամբողջ տարածքում «Հայփոստ» ընկերությունն իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը։ Դա նշանակում է, որ փոստային կապի ունիվերսալ ծառայություններ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, անկախ դրանց տնտեսապես արդյունավետ լինելու գործոնից։ Փոստային բաժանմունքներում, բացի փոստային կապի ծառայությունների մատուցումից իրականացվում է բնակչության կենսաթոշակների և նպաստների վճառում, հարկերի և կոմունալ ծառայություների գումարների հավաքագրում։ Փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայությունները կդառնան ոչ հասանելի, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ի 885 փոստային բաժանմունքներից 601-ը գտնվում են գյուղական համայնքներում ու սահմանամերձ շրջաններում, ուստի կարող են դասվել տնտեսապես անարդյունավետ անշարժ գույքերի շարքին»։
Այսպիսով, առաջարկվում է «Հայփոստ»-ի պետական բաժնեմասը պահպանել որպես պետական սեփականություն։
Նարեկ Բաբայանը նշեց, որ մասնավորեցման ցանկից հանելու դեպքում առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնումը։