Մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը
Կյանքից հեռացել է հանճարեղ հայ քանդակագործ, մտածող և մտավորական Արտո Չաքմաքչյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ, երգահան Վահան Արծրունին։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ նա արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել էր Պատվո շքանշանով: Պարգևը ստանալուց հետո արվեստագետն ասել էր. «Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը: Իմ աշխատանքները բոլորը Հայաստանի համար են, և գիտեմ, որ սխալ չեմ»։
Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է Եգիպտոսում 1933թ.: Նրա ընտանիքը հայրենադարձվել է Հայաստան 1946թ.: Իր մասնագիտական ուսուցումն սկսել է 15 տարեկան հասակում Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում: 1962թ. արժանացել է Պրահայի Ժամանակակից կերամիկայի միջազգային ցուցադրության առաջին մրցանակին «Պառկած ֆիգուր» ստեղծագործության համար: Արվեստագետը նաև արժանացել է Մոսկվայի խաղաղության հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հիրոշիմայի զոհերի հիշատակի հուշարձանի մրցույցի» առաջին մրցանակին: 1964թ. ստեղծագործությունը ԽՍՀՄ կողմից նվիրաբերվել է Հիրոշիմա քաղաքին:
1969թ. նա նաև ստացել է Հայաստանի երիտասարդական միության ոսկե մեդալը «Մայր» և «Առնո Բաբաջանյան» աշխատանքների համար, որոնք ձեռք են բերվել Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի կողմից: 1984թ. շահել է առաջին մրցանակը Մոնրեալում անցկացված Ուիլֆրեդ Պելետիեյի մրցույթում՝ ներկայացնելով վերջինիս կիսանդրին: Նրա աշխատանքները նաև ցուցադրվել են համաշխարհային ճանաչում վայելող թանգարաններում, մասնավորապես Լուվրում: Նրա վերջին կարևոր ցուցադրությունը կայացել է 2010թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում:
Քանդակագործ, նկարիչ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991) Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: 1960- ական թթ. Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը։
Հարակից հրապարակումներ`
- Հետխորհրդային շրջանում Չաքմաքչյանի առաջին անհատական ցուցադրությունը՝ Հայաստանում
- Արտո Չաքմաքչյան. Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը