Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ԵԱՏՄ-ում տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը. Փաշինյան (լրացված)
Երևանում ընթանում է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները և 3 հրավիրյալ երկրների առաջնորդներ։
Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար, ողջունելով նիստի մասնակիցներին՝ նշեց, որ իր համար մեծ պատիվ է հերթական նիստի ընթացքում նրանց ողջունել Երևանում:
«Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, շարունակում է տարեցտարի ավելի ամուր դառնալ: Այն արդեն ցույց է տվել իր կենսունակությունը և գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միություն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն այս տարի ԵԱՏՄ-ի նախագահող երկիրն է և բացի Միության անդամ երկրների ղեկավարներից, այսօրվա նիստին մասնակցում են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները. «Դա մեր նախագահության խորհրդանշական կուլմինացիան է»։
Վարչապետը նշեց, որ առաջին անգամ նիստի շրջանակում տեղի է ունենում միջազգային համաժողով՝ նվիրված Եվրասիական մայրցամաքի տարանցման հնարավորություններին։ Նա վստահություն հայտնեց, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ՝ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաներ մշակելու համար։
Արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանը կարևորեց ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը:
Նրա խոսքով՝ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձևաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, և անհրաժեշտ է բոլորի համար ընդունելի լուծում գտնել:
«Ինտեգրման գործընթացը կլինի ավելի դինամիկ, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են կայացվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են նրանց կենսամակարդակի և աշխատանքային պայմանների անմիջական բարելավմանը: Վստահ եմ, որ այս ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը թույլ կտա մեզ ոչ միայն արդյունավետորեն վերացնել խոչընդոտները, այլև կնպաստի առավել ամբողջական ինտեգրմանը՝ հավասարության, փոխադարձ շահի և միմյանց շահերի հարգանքի սկզբունքների հիման վրա»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ են համարում ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. «Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, և ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում»։
Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման օրակարգում ներառված է Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը. «Սա ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման և ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն առանձհատուկ կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը: Նրա խոսքով՝ արդեն այս ամիս ուժի մեջ են մտնում Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրերը: Դրանց հետագա իրականացումը, ըստ նրա, առաջնային է` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում:
«Օգտվելով նրանից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Ռոհանին, ես ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կծառայի որպես կատալիզատոր մեր փոխադարձ առևտրի հետագա զարգացման համար: Դա դրական կազդի մեր երկրների տնտեսական վիճակի վրա՝ հավելյալ արժեքի նոր շղթաների լրացնման և ստեղծման հաշվին»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ արդեն ավարտվել են Սինգապուրի հետ բանակցությունները: Այսօր կստորագրվի ԵԱՏՄ-ի, նրա անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
«Օգտվելով այն փաստից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Լի Սյեն Լունը, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ պայմանագրի իրականացումը բարենպաստ միջավայր կստեղծի փոխշահավետ առևտրային հարաբերությունների ընդլայնման, բիզնեսի ծախսերի իջեցման և համագործակցության տնտեսական արդյունավետության բարձրացման համար»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Սերբիայի հետ բանակցությունները ևս ավարտվել են, և շուտով նախատեսվում է ստորագրել համապատասխան համաձայնագիր ազատ առևտրի մասին:
«Մենք նպատակ ունենք արդյունավետ ավարտին հասցնենք նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունները, ինչն առավելություններ կընձեռի մեր միավորմանը, այդ թվում՝ դարձնելով այն նաև ներդրումների ներգրավման կենտրոն»,- նշեց ՀՀ վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը
- ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը
- Դոդոնը Փաշինյանին հրավիրել է Մոլդովա
- Իրանի նախագահ. Պատրաստակամ ենք քննարկել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը
- «ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ
- Պուտինը Երևանում ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում կհանդիպի Փաշինյանին և Ռոհանիին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան