Վարորդների պնդմամբ՝ Վերին Լարսում ռուս մաքսավորները կաշառքներ են պահանջում. Արման Բաբաջանյան
«Հայկական հարյուրավոր բեռնատարներ օրեր շաբաթներ շարունակ կայանված են մնացել Վերին Լարսի անցակետում։ Առավելապես ռուսական կողմի ռուս մաքսավորների ու այլ չինովնիկների ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով՝ մեր հայրենակիցները չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսաստան»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ այս խնդիրը խորանում է ամեն օրվա հետ։
«Հայ վարորդներից շատերի պնդմամբ՝ ռուս մաքսավորները ուղղակի կաշառքներ են պահանջում՝ ուղեբեռն իրենց հայեցողությամբ կշռելու ու սահմանը հատելու թույլտվության դիմաց։ Վերին Լարսի խնդիրը խրոնիակական է, որը բազմաշերտ ու բազմագործոն է, և ունի ինչպես աշխարհաքաղաքական շերտեր, այնպես էլ տեխնիկական բնույթի մանր կաշառակերության հետ կապված երանգներ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ փաստն այն է, որ տարվա մեջ մի քանի անգամ կանգնում են այն խնդրի առաջ, ինչի էլ հայ տնտեսվարողներն առանձին առանձին, իսկ տնտեսությունն ամբողջության մեջ կորցնում է հարյուրավոր միլիոն դոլարներ։
«Վերին Լարսը դարձել է մեր տնտեսության բնականոն գործունեության, առավել ևս տնտեսության զարգացման արգելակներից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը։ Տնտեսական բնույթ ունենալով՝ խնդիրը միաժամանակ Ռուսաստանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ ՀՀ նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշումներ գործադրելու համար։ Ցավոք, մենք Վերին Լարսի խնդրին ցուցաբերում ենք իրավիճակային մոտեցում, և դրանով զբաղվում ենք առավելապես օպերատիվ կառավարման ռեժիմում, այսինքն միայն այն ժամանակ, երբ սահմանակետում խնդիր է առաջանում, մինչդեռ այս հարցն ունի արմատական լուծման կարիք»,- ասաց Արման Բաբաջանյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ խորհրդի նիստում բարձրացվել է Լարսում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը
- Լարսում դիտվում է ստեղծված կուտակումների նվազման միտում
- Դեսպանություն. Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ
- Վերին Լարսը փակ է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին