Դոդոնը Փաշինյանին հրավիրել է Մոլդովա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք բավական հաճախ ենք հանդիպել, և մեր միջև ձևավորվել են բավական ջերմ հարաբերություններ։ Հուսով եմ և վստահ եմ, որ այդ հարաբերությունները նաև շատ օգտակար կլինեն մեր երկրների միջև հարաբերությունների համար, և շատ ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ունեմ՝ Ձեզ հետ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման հարցերը»,- ողջունելով Մոլդովայի նախագահին՝ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը նշել է՝ պետք է աշխատել մեր առևտրատնտեսական, քաղաքական կապերն ամրապնդելու ուղղությամբ։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհակալություն է հայտնելով Հայաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար։
«Վերջին 2.5 տարում արդեն 3-րդ անգամ եմ Երևանում։ Հուսով ենք, որ Դուք մոտակա ժամանակներում Ձեր առաջին պաշտոնական այցը կկատարեք Մոլդովայի Հանրապետություն։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հրավիրել Մոլդովա»,-ասել է նա։
Մոլդովայի ղեկավարն ասել է, որ երկու երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով, ցանկություն հայտնել, որպեսզի առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվեն։
«Այս առնչությամբ կարելի է Ձեր այցին զուգահեռ կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը վաղուց չի գումարվել։ Մենք հիմա հաստատում ենք միջկառավարական հանձնաժողովի մոլդովական կողմի կազմը։ Այդ պատճառով հուսով եմ, որ մյուս տարվա սկզբին կկայանան Ձեր պաշտոնական այցը և Միջկառավարական հանձնաժողովի նիստը»,-նշել է նա։
Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հարցում Մոլդովային աջակցելու համար։ Նախորդ տարի մայիսի 14-ին Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ։
Մեզ համար սա շատ հետաքրքիր, հեռանկարային հարթակ է. որպես դիտորդ երկիր՝ մենք նախագահի մակարդակով մասնակցում ենք բոլոր նիստերին, մասնակցում են իմ գործընկերները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ լուրջ, լավ ներուժ ունենք»,-ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստացի իր՝ Մոլդովա պաշտոնական այցի կապակցությամբ կոնկրետ ժամկետներն արդեն նախանշված են, և այժմ պետք է աշխատել արդյունավետ օրակարգ մշակելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետը ողջունել է Մոլդովայում քաղաքական իրավիճակի կայունությունը, ինչը կնպաստի երկրի առաջընթացին և գործընկեր պետությունների հետ համագործակցության զարգացմանը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև Մերձդնեստրի հետ կապված իրավիճակին։
Կողմերն ընդգծել են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման համատեքստում և փոխադարձ աջակցություն հայտնել այդ գործընթացում։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջից։ Իգոր Դոդոնը՝ ձախից երկրորդը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին