Մասնավոր ընկերությունները էլեկտրաէներգիա գնելու և արտահանելու իրավունք պետք է ունենան. Սերգեյ Բագրատյան
2018 թվականի հուլիսի 1-ից ազատականացվել է էլեկտրաէներգիայի արտադրության և իրացման շուկան, մինչդեռ «Էներգաիմպեքս» ընկերությանը մասնավորեցման ցանկից հանելու դեպքում ինչ-որ չափով տրվում է մենաշնորհային արտոնություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն և «Հայփոստ» ՓԲԸ-ն:
Նրա խոսքով, ազատականացումը ենթադրում է, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունը կկարողանա իր արտադրած էներգիան ազատ արտահանել Վրաստան։
««Էներգաիմպեքս» ընկերության ինչ-որ չափով տրվում է մենաշնորհային արտոնություն։ Եթե գնում էր մասնավորեցման՝ նպատակն այն էր, որ այդ արտոնությունը վերացվեր։ Հիմա եթե մենք «Էներգաիմպեքս»-ին բերում ենք պետական դաշտ, ապա մենք խնդիր կարող ենք ունենալ 2018-ին ընդունված օրենքի հետ, որով ազատականացրել ենք էներգետիկայի արտադրությունը և արտահանումը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն անդրադառնալով պատգամավորի մտահոգությանը՝ նշեց, որ «Էներգաիմպեքսից» բացի որևէ այլ ընկերություն չի ստեղծվել, որը կզբաղվի այդ գործունեությամբ։
«Ավելի կարևոր է, որ պետական լիազոր մարմինն այս ոլորտի կարգավորումը համարում է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող»,- ասաց նա։
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ իսկապես դա ռազմավարական նշանակություն ունի, բայց պետք է հասկանալ՝ արդյոք սա մրցակցային իրավիճակը խաթարելու քա՞յլ է, թե ոչ: Բացի այդ, ըստ պատգամավորի, այստեղ միջազգային նորմերին համապատասխանեցնելու հարց կա։
«Դեռևս աշխատելու տեղ ունեք, պետք չի շտապել, քանի որ փոխկապակցված խնդիր ենք լուծում։ Այսինքն՝ նորից պետական կարգավորման հարթության վրա թողնելով, մենք հնարավորություն ենք ստեղծում մենաշնորհային գործընթացի: Ուստի, առաջարկում եմ դրան զուգահեռ ստեղծել հնարավորություն, որ մասնավոր ընկերությունները նույնպես կարողանան էլեկտրաէներգիա գնելու և արտահանելու իրավունք ունենան»,- նշեց պատգամավորը։
Նարեկ Բաբայանն էլ ասաց, որ որևէ մեկը չի արգելել մասնավոր ընկերություններին, համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում մասնավորները նույնպես կարող են էլեկտրաէներգիա գնել և արտահանել: