«Փաստ». Գազի գինը թանկանալու է, հարցն այն է, թե որքան
«Փաստ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։ Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։ Մհեր Գրիգորյանն ասել է նաև, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։
Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաև ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու:
Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է և չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։
Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Իսկ սա արդեն, չնայած փաստացի թանկացմանը, հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում և ընդգրկել հաջորդ «100 փաստի» մեջ: Մի խոսքով, կարծես այլևս որևէ կողմ չի հերքում, որ գազը թանկանալու է: Հարցն այն է, թե որքան»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում