Խորհրդարանում քննարկվում է համայնքներին պատկանող ինքնակամ շինությունների գրանցման տուրքը տարաժամկետելու հարցը
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նախագծերը վերաբերում են համայնքներին արտոնություն տրամադրելուն։
«Առաջարկվում է համայնքային իշխանությունների համար ինքնակամ կառույց հանդիսացող շինությունների, մասնավորապես, ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման և դրա հետ կապված պետական տուրքի վճարները տարաժամկետել երկու տարով՝ եռամսյակային պարբերականությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ հնարավորություն կտրվի ամեն հերթական եռամսյակում վճարել 1/8-ի չափով։
Փոխնախարարի խոսքով՝ համայնքներում և հատկապես խոշոր համայնքներում կան հազարավոր ապօրինի շինություններ և գույք, որոնք օրենսդրությամբ համարվում են այն սուբյեկտների սեփականությունը, որոնց պատկանում է հողը։
«Այս գործընթացը կանոնակարգելու համար համայնքային իշխանությունները պիտի կարողանան այդ գույքերը որպես համայնքային սեփականություն գրանցել, որպեսզի հետո կարողանան պատշաճ տիրապետել։ Մասնավորապես, գոնե հնարավոր լինի այն վարձակալության տալ սահմանափակ ժամկետով, հակառակ պարագայում համայնքները ամեն կոնկրետ սուբյեկտի հետ ընկնում են դատական պրոցեսների մեջ»,- ընդգծեց Վաչե Տերտերյանը։