«Արարատի մարզպետը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը»
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները շարունակում են բողոքի ակցիան մարզպետարանի շենքում։ Նրանք դեմ են մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշմանը և պահանջում են Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանին վերականգնել իր պաշտոնին։
Ակցիայի մասնակիցների խոսքով, համայնքապետի լիազորությունները կասեցվել են անօրինական։ Քաղաքացիներից մեկն ասաց, որ իրենք այստեղ ենք, քանի որ երեկ մարզպետը խոսք էր տվել հարցը լուծել, բայց խաբել է։
«Եթե այստեղ հարցը չլուծվի, կգնանք Երևան»,- ասաց բողոքող նորաշենցին։
«Գյուղն ընտրել է համայնքապետին, դժգոհություն չունի համայնքապետից։ Երբ գյուղը կկանգնի, կպահանջի համայնքապետի հրաժարականը... Գյուղն է չէ՞ որոշում իր համայնքապետին, ոչ մի վերին ատյան չի կարող խառնվել այդ հարցին։ Հիմա ինքը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը։ Գյուղում բախումներ կարող են լինել, երկու խմբի են բաժանվել գյուղացիները»,- ասաց Նորաշենի բնակչուհիներից մեկը։
Բնակիչներից Արմեն Չոբանյանն ասաց, որ մարզպետն իրենց չի ընդառաջում, մեկ ժամ առաջ էլ հանդիպել են, իր որոշումն է պնդում ու վերջ՝ «Արտակ Հարությունյանը պետք է լինի»։
«Թող պաշտոնավարի ժամանակավոր պաշտոնակատար Միսակ Ստեփանյանը, որի վրա դրված է գյուղապետի պարտականությունը, մինչև ընտրություններ կլինեն։ Ում կտա ժողովուրդն իր ձայնը, մենք էլ կշնորհավորենք։ Ժողովուրդն իր արդար պահանջն է ներկայացնում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ն. Գրիգորյանի աշխատանքը, վեց ամիս ավագանու նիստ չի գումարվել, որի հիմքով էլ նա ազատվել է աշխատանից, Ա. Չոբանյանը նշեց, որ նիստեր հրավիրվել են, սակայն քվորում չի ապահովվել ու նիստերը չեն կայացել։
Անվտանգության աշխատակիցները պահանջում են, որպեսզի քաղաքացիները դուրս գան մարզպետարանի շենքից, քանի որ խանգարում են աշխատողներին։
«Եթե այդպես շարունակվի, ոստիկանությունը կարող է գործողություններ անել»,- հայտնեց մարզպատերանի շենքում գտնվող ոստիկաններից մեկը։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։
«Հրապարակի» հետ զրույցում Ն. Գրիգորյանը մարզպետի նման որոշումը բացատրել էր իր և մարզպետի վատ հարաբերություններով․ «Այս ամենը կազմակերպում է նախկին համայնքապետը՝ Արտուշ Սարգսյանը։ Նա մարզպետի հոր ընկերն է։ Այստեղ որևէ քաղաքական աստառ չկա, որևէ այլ խնդիր չկա, այստեղ ուղղակի կա իմ ու մարզպետի ոչ ճիշտ հարաբերություները։ Նա ինձ չի սիրում, որովհետև ժամանակի ընթացքում ես իրեն չեմ օգնել, օգնել եմ ՔՊ այլ պատգամավորի, ինքը դրանից նստվածք է տվել, լարվածություն է ստեղծել, այդ ամենը դրանից է գալիս։ Անցած տարի ինձ առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, ասել եմ՝ չեմ մտնում, ես ինքս անկուսակցական եմ, բայց ես նորից իշխանությանն եմ օգնելու, ժողովրդին եմ օգնելու, ես չեմ ուզել ուղղակի կուսակցություն մտնել, պարտականություն ստանձնել լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
- Արարատի մարզպետը՝ իր և Մասիսի քաղաքապետի հարաբերությունների մասին
- Զարմիկիս նշանակել եմ ինձ օգնական, ազգականիս՝ խորհրդական. Արարատի մարզպետ
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան
- Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան