Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու ցուցահանդեսը՝ Երևանի պետական կամերային թատրոնում
Այսօր Երևանի պետական կամերային թատրոնի «Երկաթ» սրահում «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքի շրջանակում կներկայացնի հայ գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու ստեղծագործությունները: Ցուցահանդեսում կներկայացվեն Անդրանիկ Մխիթարյան-Սուսերցու գեղանկարչական 35 աշխատանքները:
Ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպելու ստեղծագործությունների վաճառք:
Գեղանկարիչ Անդրանիկ Մխիթարյանը ծնվել է 1946 թվականին Թալինի շրջանի Սուսեր գյուղում: Մասնագիտական կրթություն ստացել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժնում: Լինելով եղեռնապուրծ գաղթականների գերդաստանի զավակ և խորապես գիտակցելով իր արմատները՝ տոգորվել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներով: Ազգային զարթոնքի տարիներին նա դարձել է արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից:
Նկարել սկսել է վաղ մանկության տարիներից: Ինքնաբուխ ձգտումը դեպի նկարչությունը նրան տարել է մեծ արվեստ: Առանձնակի ազդվել է հայկական մանրանկարչական արվեստից. դրանով են նաև ձևավորվել նրա գեղագիտական հայացքները: Անդրանիկ Մխիթարյանի նկարելաոճին բնորոշ է ֆոմիզմը, ինչի արտահայտություններն են դիպուկ և համարձակ վրձնահարվածները, լեցուն-խիտ գույները և ջերմ երանգապնակը:
1998-ից ՀՆՄ անդամ է: Լայն հանրությանն իր գործերը ներկայացրել է 1974 թվականից, ունեցել է անհատական ցուցահանդեսներ (առաջինը՝ Երևանի Ժուռնալիստների տանը՝ 1975-ին), մասնակցել է մի շարք խմբակային ցուցադրությունների: Նրա բազմաժանր գործերը ցուցադրվել են Երևանի Սպայի տանը (1996 թ.), Ճամբարակում (1997 թ.), Օշականի դպրատանը (2008 թ.), Լիբանանում (2004 թ.), ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում (2012 թ.), Հայաստանի նկարիչների միությունում և ռազմական թանգարանում կազմակերպված ցուցահանդեսներին:
Իր արվեստով նա արծարծում է հայրենանվիրության գաղափարը՝ այդ արժեհամակարգով երիտասարդության դաստիարակությանը: Հայ մտավորականությանը նվիրված իր նկարաշարն այդ գաղափարի մարմնացումներից մեկն է: Պատկերել է Մաշտոցին, Նարեկացուն, Կոմիտասին...: Ժանրային առումով նրա արվեստն ընդգրկուն է՝ բնանկար, դիմանկար, գրաֆիկա, նատյուրմորտ. առանձնակի տեղ է տալիս թեմատիկ նկարչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան