Չեմ կարծում, թե տնտեսագիտական առումով անգրագետ բաներ ասացի. Արարատ Միրզոյան
«Անկեղծ ասած, այս ելույթի անհրաժեշտությունն առաջացավ հընթացս, և ուզում եմ խոսել տաբուների, կանոնների և բացառությունների մասին՝ սոցիալական և տնտեսական համատեքստում»,- այս մասին այսօր խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, որով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:
ԱԺ նախագահն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի դիտարկմանը, թե արդյոք հնարավո՞ր չէր պետական համակարգում աշխատող և մինչև 100 հազար դրամ ստացողների աշխատավարձն էլ բարձրացնել: Նա նաև նշել էր, որ այս փոփոխությունից հետո մաքրությամբ զբաղվողը ստանալու է գրեթե նույնքան աշխատավարձ, որքան գրադարանավարը՝ 70 հազար դրամ:
Արարատ Միրզոյանն ասաց՝ իհարկե արդար չէ, որ գրադարանավարուհին և մաքրուհին նույն աշխատավարձը ստանան, բայց նույն խնդրի առաջ կանգնել էին, երբ կենսաթոշակն ու մի շարք նպաստներ բարձրացնում էին՝ դարձնելով 25 500 դրամ։
«Մենք ասում էինք՝ այո, գոյություն ունի ողջամիտ նվազագույն շեմ, որից պակաս մարդը չպետք է վաստակի: Իհարկե, մարզային գրադարանավարուհիների աշխատավարձը ևս պետք է բարձրացնել, բայց կա որոշակի շեմ, որից ցածր որևէ մեկը աշխատավարձ չպետք է ստանա, այդ թվում՝ հավաքարարը, բանվորը, պահակը և այլն»,- նշեց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով տնտեսական մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց՝ ամեն ինչ չէ, որ դասագրքային կանոններով է արվում. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ չէ, որ գրված է դասագրքերում, և այդպես էլ պետք է լինի։ Որքան էլ ոչ ռացիոնալ հնչի՝ շատ բաներ լավատեսական տրամադրություններով են պայմանավորվում: Մեր պատմության վերջին 1,5 տարվա մեջ տեսանք, թե ինչեր չէր կարելի անել, քանի որ տարբերակ չկար, որ ստացվեր: Ես առաջարկում եմ համարձակ մոտենալ այս հարցին: Եկեք քվեարկենք և բարձրացնենք նվազագույն աշխատավարձը։ Ես վստահ եմ, որ այդ գումարները հետ են գալու տնտեսություն։ Տնտեսագետ չեմ, այդուհանդերձ չեմ կարծում, թե տնտեսագիտական առումով անգրագետ բաներ ասացի»:
Հարակից հրապարակումներ`
- Ցավոք սրտի նվազագույն աշխատավարձը աղերս չունի իրականության հետ. Թանդիլյան
- Պատգամավորների աշխատավարձը չի փոփոխվելու այս նախագծով. Վարազդատ Կարապետյան
- ԱԺ-ն քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծը
- Թունյան. Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ լուծում ենք այն մարդկանց խնդիրը, որոնք աշխատում են, բայց աղքատ են
- Գործադիրը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55.000 դրամից 68.000 դրամ դարձնելու նախագծին