Արթուր Մելիքյան. Փոխգնդապետի ծեծի գործով դուք արդյունքները տեսնելու եք
«Մենք այստեղ կսպասենք այնքան ժամանակ, մինչև մեր ունեցած տեղեկությունները հաստատվեն, և Վայոց Ձորի մարզպետն անձամբ այցելի քննչական կոմիտե և առերեսվի դեպքի մասնակիցների հետ»,-քննչական կոմիտեի շենքի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցների Նարեկ Մանթաշյանը։
Հիշեցնենք, որ մի քանի քաղաքացիներ այսօր կարճատև ակցիա են իրականացրել ՀՔԾ դիմաց, ապա եկել ՔԿ շենքի մոտ՝ պահանջելով «Պատժել մեղավորներին, նաև մարզպետին, «Իրականացնել արդար քննություն», «Ձեռքները հեռու պահել հայոց սպայից»։
Ակցիայի մասնակիցները նշում են, չեն ուզում հավատալ այն կանխավարկածին, որ փորձելու են կոծկել ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը, պահանջում են, որ բոլոր մեղավորները ստանան արժանի պատիժ։
Ակցիայի մասնակիցներին ընդունեց ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Նրանք ներկայացրեցին իրենց ունեցած տեղեկությունները, պահանջները։
«Կան տեղեկություններ, որ մարզպետը տարբեր ճնշումներով ուզում է ազդել քննչական կոմիտեի վրա, որ հերքվի իր մասնակցությունը միջադեպին»,-մտավախությունը ներկայացրեց Մանթաշյանը։
Ի պատասխան Արթուր Մելիքյանն ասաց, դեպքին ու քրեական գործին քաջատեղյակ է։ Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:
«Ես նախաքննության հետ կապված տվյալներ չեմ կարող ասել։ Դուք տեսնում եք, որ մի ամբողջ խմբի կողմից իրականացվում է օպերատիվ աշխատանք։ Նախորդող օրերին քննիչներ են եղել Վայքում, դա էլ պատահական չէ։ Ես ձեզ հավատացնում եմ, որ գործն օբյեկտիվորեն քննվում է, բոլոր մեղավորները պատասխանտվության են ենթարկվելու, ձեզ ուղղակի խնդրում եմ համբերատար սպասել, ու դուք արդյունքները կտեսնեք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ակցիայի մասնակիցների պահանջներն իրենց պարտականությունն է, դրանք կատարելիս թերանալու դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու։
Մելիքյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին կոմիտեին տրամադրել իրենց ունեցած տեղեկությունները, դա հնարավոր է նաև աղբյուրն առանց բացահայտելու, շնորհակալ կլինեն քննությանն աջակցելու համար։
ՔԿ պաշտոնյան նկատեց, եթե կոմիտեի վարույթում առկա 6300 գործերից փոխգնդապետի ծեծի դեպքով գործն է հայտնվել ՀԿԳ վարույթում, ապա պետք է ենթադրություններ անել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպան մինչ օրս կոմայի մեջ է։ Նրան արհեստական շնչառության սարք է միացված։
Գործը քննվում է քննչական կոմիտեում։ Այս գործով մարզպետի օգնականը կալանավորված է։ Կոմիտեում ստուգվում է ծեծին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը։ Ի դեպ, վերջինը խոստացել էր հոկտեմբերի 5-ից հետո հրաժարվել պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա՝ փոխգնդապետին ծեծելու գործով արդար քննություն անցկացնելու պահանջով
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպայի վիճակը ծայրահեղ ծանր է
- «Ժողովուրդ». Փոխգնդապետ Մխիթարյանին քարով հարվածողը հարվածել է համազգեստ կրող բոլոր սպաներին
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կոմայի մեջ է
- Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան