Ցավոք սրտի նվազագույն աշխատավարձը աղերս չունի իրականության հետ. Թանդիլյան
«Երբ խոսում ենք նվազագույն աշխատավարձի մասին և քննարկում մեթոդաբանությունը, որով եկել հանգել ենք այդ թվին, ինձ համար տարօրինակ է, որ քննարկվում է, թե ինչպես անենք և որն է ամենանպատակահարմար թիվը»,- այս մասին այսօր ԱԺ-ում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված նախագծով նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ։
«Ուրեմն կա Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենք, 2004 թվականին ընդունված, որտեղ հստակորեն նշված է, թե ինչ մեթոդաբանությամբ և ինչու պետք է նվազագույն աշխատավարձը կազմի այդ բյուջեի համամասնությունը։ Ավելին՝ այդ մասին պետք է ամեն տարվա ՀՀ բյուջեն ունենա արտացոլանք, թե ինչպիսի համամասնություն գոյություն ունի նվազագույն աշխատավարձի, այդ թվում նաև կենսաթոշակների, նպաստների, և տարբեր այլ հետաքրքիր և կարևոր դրույթների մեջ նվազագույն սպառողական բյուջեի կապը։ Հետևաբար այստեղ մենք նոր հայտնագործություններ անելու կարիք ոչ միայն չունենք։ Բարի կամք չէ, որ դրսևորում ենք, երբ որ դա ամեն անգամ վերանայում ենք։ Դա պետք է անենք ամեն տարի, քանի որ ամեն տարի բյուջեն ընդունելուց պետք ասենք, թե ինչ համամասնություն է սա կազմում»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձի եզրույթը շատ կարևոր է, բայց միևնույն է՝ շուկան է թելադրում, թե տվյալ աշխատանքն ինչ արժե։
«Ցավոք սրտի նվազագույն աշխատավարձը աղերս չունի իրականության հետ, երբ գործատուները գրում են մի աշխատավարձ, բայց տալիս են ավելի կամ պակաս։ Այստեղ գործ ունենք ուղղակի վերահսկելու՝ որքանով են իրական աշխատավարձերն արտացոլված տնտեսության մեջ։ Իհարկե սա դրական քայլ է, բայց պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել, որ նվազագույն աշխատավարձի ազդեցությունը կարող է լինել միայն այն պարագայում, երբ որ մեր բոլոր իրական աշխատավարձներն են գրանցված և հարկվում»,- հավելեց Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորների աշխատավարձը չի փոփոխվելու այս նախագծով. Վարազդատ Կարապետյան
- ԱԺ-ն քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծը
- Թունյան. Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ լուծում ենք այն մարդկանց խնդիրը, որոնք աշխատում են, բայց աղքատ են
- Գործադիրը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55.000 դրամից 68.000 դրամ դարձնելու նախագծին