Հրայր Թովմասյան. Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է
«Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսելու հստակ դիտարկումներ, հստակ բնորոշումներ ու փաստեր, թե որ դեպքում եմ ես բարեվարքությունը խախտել, և որ դեպքում եմ ես կարգապահական խախտում թույլ տվել»,-ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության «Օրախնդիր» հաղորդմանը տված հարցազրույցում։
Հարցազրույցի անոնսը հրապարակել է Tert.am-ը։
Թովմասյանն իր նկատմամբ իրականացվող գործընթացը որակել է քաղաքական։
«Այս պրոցեսը քաղաքական է ու մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, որպես խոչընդոտ»,-նշել է նա։
ՍԴ նախագահն ընգծել է, որ կանխատեսելի Սահմանադրական դատարանը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, նշանակում է պետության վերջը։
«Ինձ համար այսօր Սահմանադրական դատարանը մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցին, ապա Հրայր Թովմասյանն ասել է. «Երբեք ձեռքով չեմ բարևել Ռոբերտ Քոչարյանին, նրա հետ նույն սենյակում երբեք չեմ եղել»։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։
ԲՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է. Ծառուկյան
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
- ԲՀԿ դիրքորոշումը Հրայր Թովմասյանին առնչվող նախագծի վերաբերյալ կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը