
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ազատազրկման վայրեր և հոգեբուժարան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և անկախ փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, եռօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ազատությունից զրկման վայրեր և հոգեբուժական հաստատություն:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի ձերբակալվածների պահման վայրերում և ոստիկանության բաժիններում, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:
Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:
Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները կուղարկվեն իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև կհանրայնացվեն: