Առաջարկվում է մասնավորեցումից հանել Մաշկաբանության գիտաբժշկական կենտրոնը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցումից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը։
«Նախագծով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը: Ժամանակին այս կենտրոնի մասնավորեցման ցանկի մեջ մտնելու հիմնավորումներից մեկը բյուջետային համալրումներն են եղել: Կարծում եմ, որ այս բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկի մեջ ներառվել է բավականին գայթակղիչ տարածք ունենալու պատճառով: Այնտեղ մոտավորապես 2.3 հա տարածք կա, որի մեծ մասը հաստաբուն ծառեր են»,- նշեց Զեյնալյանը:
Նա շեշտեց, որ պետությունը պարտավոր է սա ոչ թե որպես բեռ վաճառի մասնավորին, այլ պահի իր անմիջական հոգածության ներքո և զարգացնի, եթե դրա անհրաժեշտությունը կա։
«Բաժնետոմսերը գնահատվել են 750 մլն դրամ, և հնարավոր է մասնավորեցվի ոչ պակաս, քան բաժնետոմսերի 75 տոկոսի չափով»,- հավելեց պատգամավորը։