Երևանում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումը
Երևանում այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Երկկողմ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ողջունելու ՌԴ նախագահին Հայաստանում, հնարավորություն ունենալ քննարկելու ընդհանուր օրակարգի հարցերը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում, ունենալ այս հնարավորությունը՝ Ձեզ հետ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Կարծում եմ, որ այսօր իսկապես Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի են ունեցել հատկանշական իրադարձություններ, մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, և ես շատ ուրախ եմ, որ այս ամենը տեղի է ունենում Երևանում: Դա հիշարժան փաստ է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության համար: Անկեղծ ասած, ես գոհ եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությունն այսպիսին եղավ: Իհարկե, դեռևս կա ժամանակ, ես հույս ունեմ, որ մեզ դեռևս կհաջողվի ԵԱՏՄ-ում արձանագրել այլ արդյունքներ ևս:
Եվ իհարկե, մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռոււսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ու ավելի ամուր դարձնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն ավելի ու ավելի ամուր: Ամեն դեպքում մենք այդպես ենք տրամադրված»։
Վլադիմիր Պուտինն էլ ասել է.
«Ես իմ կողմից ցանկանում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների և տասնամյակների իրադարձություններով, այլ մեր ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմությամբ։ Իսկ Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»։
Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրուցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի:
Նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը շատ կարևոր է մեզ համար. Սինգապուրի վարչապետ
- ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, Իրանի ու Մոլդովայի նախագահներն այցելել են Թումո
- ԵԱՏՄ երկրները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ. Տիգրան Սարգսյան
- Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից
- Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր
- Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար. Դոդոն
- Վլադիմիր Պուտին. Առաջնահերթություն է ֆինանսական ոլորտում համամիութենական կարգավորման ներդրումը
- Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար
- Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ԵԱՏՄ-ում տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնումը. Փաշինյան (լրացված)
- «ՌԻԱ Նովոստի». Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան