ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է. Ծառուկյան
ԱԺ-ն չպետք է որոշի՝ Հրայր Թովմասյանը մնալու է, թե հեռանալու է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, իսկ այսօր ներկայացված հիմնավորումները շատ թույլ են, հիմնական դրույթները թերի են, կա ժամկետների խախտում։ Բացի դրանից, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ-ի որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը Սահմանադրական դատարանն է։ Դրա համար մենք մեր խմբակցությամբ որոշել ենք, որ չենք մասնակցելու քվեարկությանը»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։
Նա հերքեց շրջանառվող լուրերը, թե այդ հարցի շուրջ վարչապետի հետ քննարկում են ունեցել:
«Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում։ Քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկել»,- ընդգծեց նա։
Նա նաև անդրադարձավ այն տեղեկություններին, թե Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևանում ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրա տանն է գիշերել։ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նա գիշերել է ոչ թե իր տանը, այլ ընդունելությունների տանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը խոսեց նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքից՝ նշելով, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են.
«Իրավապահ մարմինները քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, բոլորի համար պարզ կլինի»։
Դիտարկմանը՝ արդյոք իր դեմ ուղղված սլաքներ չկան, Ծառուկյանն ասաց, որ այդ գործում իրեն ուղղված սլաքներ չի տեսնում։
«Ես ոչ մի բան չեմ տեսնում, ասում եմ, որ բոլորն օրենքի առաջ հավասար են։ Կա հարց, կա խնդիր, կա քննություն, որը կավարտվի, բոլորի համար էլ պարզ կլինի»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արման Աբովյան. ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը դիտարկելու ենք միայն իրավական դաշտում
- «Հրապարակ». Թովմասյանի «իմպիչմենտի» նախագիծը ՍԴ-ում կունենա՞ «հեփփի ընդ»
- Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում