Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
Armland արաշավականների 35 հոգանոց խումբը սեպտեմբերի 29-ին բարձրացել է Ամուլսար։ Դրանից հետո արշավական խմբի հիմնադիր ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանին կանչել են ոստիկանություն, քանի որ «Լիդիան Արմենիայի» աշխատողներից բողոք են ստացել։ Panorama.am-ի հետ զրույցում Ա. Մարտիրոսյանն ասաց, որ բողոքի հիմքում ընկած է՝ սեփական տարածքի ներխուժում, գողության և տեխնիկայի վնասման կասկածանք։ Ոստիկանություն են կանչել միայն Ա. Մարտիրոսյանին, քանի որ նա է ղեկավարել խումբը։
«Բացատրություն եմ գրել։ Իմ բոլոր գործողությունները լեռան վրա եղել են արշավախմբի անվտանգությունից ելնելով։ Լեռ բարձրանալուց ոչ մի ցուցանակ չենք տեսել, որ դա սեփական տարածք է։ Լեռը չի կարող լինել սեփական տարածք, մենք լեռնագնացներս չենք ընդունում լեռը սեփականացնելու սկզբունքը, լեռները բաց են բոլորի համար, և մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, կարող ենք բարձրանալ մեր լեռները»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։
Հարցին՝ մինչև լեռը բարձրանալը ձեզ հենց այդ նույն աշխատակիցները զգուշացրել էին, որ, օրինակ, չի կարելի բարձրանալ, սեփական տարածք է, նա պատասխանեց. «Ոչ, մեզ որևէ մեկը նախքան լեռ բարձրանալը ոչ մի բան չի զգուշացրել»։
Ա. Մարտիրոսյանն ասաց, որ իրենք ամեն շաբաթ Հայկական Լեռնաշխարհի տարբեր լեռներ են բարձրանում և Ամուլսարը հերթական իրենց պլանային արշավն էր։ Նրա խոսքով, նախկինում նման որևէ խնդիր չի եղել, նույնիսկ Թուրքիայում նման խնդիր չեն ունեցել։ Ամուլսար բարձրացել են առաջին անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան