Նպատակ ունենք լուծել արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների կարգավորումների խնդիրը. Ջանջուղազյան
Խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց կառավարության կողմից առաջարկված «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ներկայացված նախագծերի փաթեթը նպատակ ունի օրենսդրորեն լուծել ՀՀ-ում անկախության օրվանից ձևավորված արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների հետ կապված օրենսդրական կարգավորումների խնդիրը:
«Այդ կարգավորումները ձևավորվել են տարբեր գործոններով և հանգամանքներով պայմանավորված: Մի մասը ձևավորվել է Խորհրդային Միության վերջին ժամանակահատվածի ժառանգած իներցիայով, մյուս մասը՝ ժամանակի ընթացքում այլ գործոններով պայմանավորված: Այժմ առաջարկվում է այս հարցը մեկընդմիշտ լուծել և այսուհետև միասնական մոտեցմամբ ունենալ բյուջետային բոլոր ծրագրերի իրականացումը՝ ի տարբերություն նախկին վիճակի»,- ասաց Ջանջուղազյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմելով նախարարին՝ հարցրեց. «Շատ կարևոր նախագիծ եք բերել, բայց կուզենայի հասկանալ, արդյոք թողել եք որևի մի սողանցք, ինչ-որ մի ժամանակահատվածում, նորից արտաբյուջետային որևէ հաշիվ բացելու հնարավորությունը»։
Նախարարը պատասխանեց՝ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյան. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու
- Արտաբյուջեներից պետք է հրաժարվել. Արարատ Միրզոյան