Մինչև 2020-ի նոյեմբերը բուքմեյքերական կետերը կշարունակեն գործել այնպես, ինչպես մինչև հիմա. Թունյան
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նարիա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ստացվել են բազմաթիվ առաջարկներ։
«Դրանք բոլորը գրեթե ընդունվել են՝ բացառությամբ կրկնվող և տեխնիկապես անհնար առաջարկների, որոնք մեկ-երկուսն են։ Առաջարկներից մեկը վերաբերում է նրան, որ խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատարանի վճռի առկայության հանգամանքը, դուք հիշում եք, որ օրենքով նախատեսվում էր ամուսիններից մեկը կարող է արգելել դատական կարգով մյուսին մուտք գործել խաղասրահ։ Այս առաջարկն ընդունվել է»,- նշեց պատգամավորը։
Հարակից զեկուցող Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցման ժամանակ իրենց մի քանի սկզբունքային հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի եկան:
«Հիմա արդեն այս տարբերակում ներառված են թե առաջին ընթերցման, թե առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հնչած բոլոր առաջարկները։ Եթե ամփոփ ասեմ, ունենալու ենք հետևյալ վիճակը՝ մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսը ոչինչ չի փոխվում, այսինքն բուքմեյքերական կետերը շարունակում են գործել այնպես, ինչպես գործել են մինչև հիմա։ 2020 թվականի նոյեմբերից սկսած կետերի քանակը սահմանափակվում է, ամեն մի ընկերություն ունենում է մեկ կետ Երևանի ամեն մի վարչական շրջանում, ամեն մի մարզի վարչական կենտրոնում և չորս քաղաքներում՝ Ջերմուկ, Մեղրի, Սևան, Ծաղկաձոր, որտեղ խաղատներ թույլատրվում են»,- ներկայացրեց Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները խոստացան քննարկել մեր առաջարկները. Բուքմեյքերական ընկերության տնօրեն
- Վարչապետը հանդիպեց բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ
- Բուքմեյքերները խաղադրույքներ են անում Մեգան Մարքլի ապագա երեխայի անվան, սեռի ու գույնի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան