Պատգամավորների աշխատավարձը չի փոփոխվելու այս նախագծով. Վարազդատ Կարապետյան
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց. «Ի՞նչ ռեսուրսների հաշվին ենք ուզում բարձրացնել և Ինչքանո՞վ այս բարձրացումը կազդի գնաճի վրա»։
Ի պատասխան նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասաց. «Հարկային դաշտի փոփոխությունները բավարար ռեսուրսներ կթողնեն ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան այս ծախսերն անել։ Նաև ես կարծում եմ, որ հիմա անարդարացիորեն ցածր են վարձատրվում ցածր վարձատրվող մարդիկ։ Այսինքն՝ այն աշխատանքը, որն իրենք անում են համարժեք չէ 55 հազար դրամին և իրենք պետք է ավելի բարձր վարձատրվեն։ Սա նաև այդ աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություն է։ Քանի որ բոլորս գիտենք, որ մեր ստվերային շուկայում մեկ ֆիզիկական աշխատողի օրական վճարը հինգ հազար դրամից պակաս չէ։ Այսինքն՝ մեր երկրում ամենացածր վարձատրվող աշխատանքը 150 հազար դրամ է ամսական»։
Ինչ վերաբերում է գնաճին՝ պատգամավորն ասաց, որ դրա հետ կապված մտավախություններ չի տեսնում. «Մենք ընդամենը եկամուտների մի մասը բաշխում ենք բիզնեսներից դեպի աշխատավարձ ստացողներ, այսինքն մի տեսակի եկամուտը դարձում ենք այլ տեսակի եկամուտ, որը գնաճի վրա ազդցեցություն չի ունենալու»։
Հիշեցնենք, որ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի և Նարեկ Զեյնալյանի կողմից առաջարկված նախագծով նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից կդառնա 68 հազար դրամ։
«Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ Կարապետյանին խնդրեց վերահաստատել այն փաստը, որ որևէ ազդեցություն չի լինելու պատգամավորների աշխատավարձի վրա։
«Այս փոփոխությունն արված է հենց նրա համար, որպեսզի բազային աշխատավարձի վրա ազդեցություն չլինի, և ես հատատոււմ եմ՝ պատգամավորների աշխատավարձը չի փոփոխվելու այս նախագծով»,- ասաց Կարապետյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան