Մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը. Փաշինյան
«Մի քանի անգամ վերջին 7-8 ամիսների ընթացքում այս ամբիոնից պատգամավորների հարցերին ի պատասխան ասել եմ, որ ես էլ բավարարված չեմ կոռուպցիայի դեմ պայքարի այն ծավալներից ու արդյունքներից, որոնք առկա են»,- այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչով էր պայմանավորված ԱՄՆ մեկնելուց առաջ խորհրդակցություն հրավիրելը։
Նրա խոսքով՝ այս խորհրդակցությունն էլ տրամաբանության շարունակությունն է եղել:
«Եվ քանի որ իրավական համակարգում էական և շոշափելի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, խնդիր կար ևս մեկ անգամ արձանագրել մեր խնդիրներն ու անցնել առաջ»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև Իրանի հետ հարաբերություններից։
«Հայաստանը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Մենք գիտենք Իրանի շուրջ ստեղծված կոնյունկտուրան, մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը և դա անել այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը: Եվ անել այնպես, որ դա չխոչընդոտի այլ ուղղություններով Իրանի հարաբերությունների զարգացմանը»,- նշեց նա: