ԱԺ-ն քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու օրինագիծը
Ազգային Ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ, իսկ Կառավարության առաջարկն է դարձնել 68 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանի համար կառավարության առաջարկն ընդունելի էր, սակայն, ռիսկային: Պատգամավորն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել փուլային եղանակով. 2020թ-ի հունվարի 1-ից սահմանել 63.000 դրամ, իսկ 2021թ-ի հունվարի 1-ից՝ 68.000դրամ: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը քվեարկությամբ ընդունել է Կառավարության առաջարկը:
Նշենք, որ 63 հազար դրամի դեպքում կբարձրանա միայն նվազագույն աշխատավարձը, իսկ կառավարության սահմանած 68 հազարի դեպքում կբարձրանա նաև բազայինը, այսինքն՝ նաև պետական ծառայողների աշխատավարձը կավելանա մի քանի տասնյակ հազար դրամով:
Նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը առանցքային նախաձեռնություններից մեկն։
Նա հիշեցրեց, որ ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամ է։ Նրա խոսքով՝ սկզբում առաջարկել են բարձրացնել մինչև 63 հազար դրամ, և այդ չափը սահմանելու հիմնական պատճառն այն էր, որ չազդեին բազային աշխատավարձի վրա, որը հիմա 66 հազարից ավելի է և դրանով պայմանավորված հաշվարկվում են պետական աշխատողների աշխատավարձերը։
«Համայնքներում մեր հանդիպումները ցույց էին տալիս, որ բազմաթիվ մարդկանց՝ հատկապես համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատող, աշխատավարձը ֆիքսված էր նվազագույն աշխատավարձի չափով, և նրանք բողոքում էին ցածր աշխատավարձից։ Եվ մենք բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշեցինք առաջարկել նվազագույն աշխատավարձի բարձրացում»,- ընդգծեց պատգամավորը։
Վարազդատ Կարապետյանի խոսքով՝ կառավարությունն էլ առաջարկել է նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ: Այս դեպքում, ըստ նրա, կբարձրանա բազային աշխատավարձը, արդյունքում նաև փոփոխություններ պետք է լինեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչն արդեն արվել է։
Հարակից հրապարակումներ`
- Թունյան. Նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ լուծում ենք այն մարդկանց խնդիրը, որոնք աշխատում են, բայց աղքատ են
- Գործադիրը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձի շեմը 55.000 դրամից 68.000 դրամ դարձնելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան