Արտակ Բեգլարյանը՝ ԵԽ պաշտոնյաներին. Ադրբեջանի հայատյացությունը լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության համար
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-2-ին Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Արցախի ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Ա.Բեգլարյանը հանդիպել է, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն, արկա խնդիրները, եվրոպական կառույցների հետ իր գրասենյակի ընթացիկ շփումները և հնարավոր համագործակցության հեռանկարները։
Հաշվի առնելով, որ Շենախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է, պաշտպանն անդրադարձել է այդ երկրի կատարած իրավախախտումներին և հարուցած սպառնալիքներին: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության դրսևորումների վրա՝ համազեկուցողին տրամադրելով հայատյացության և Ապրիլյան պատերազմի իրավախախտումների թեմաներով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Նա ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում, որը, միևնույն ժամանակ, լրջագույն սպառնալիք է ողջ տարածաշրջանի անվտանգության և մարդու իրավունքների միջավայրի համար:
Ա.Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ: Նա ներկայացրել է Արցախում ապրող ներքին տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրները՝ անընդունելի համարելով նրանց բացարձակապես անտեսումը միջազգային կառույցների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը մի շարք այլ հանդիպումներ է ունեցել և՛ ԵԽԽՎ պատգամավորների, և՛ ԵԽ անկախ մարմինների որոշ պաշտոնյաների հետ:
Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը՝ ելույթ ունենալով Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում առկա խոչընդոտների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան