Կարելի էր նախօրոք հաշվի առնել խորհրդարանական խմբակցությունների կարծիքը. Իվետա Տոնոյանն՝ «Իմ քայլ»-ին
Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ դահլիճում նստածներին հատուկ սիրելի գործընկերներ դիմելով։
«Հատուկ եմ ասում սիրելի գործընկերներ, քանի որ երեկվանից ևս մեկ անգամ ցավալիորեն համոզվեցի, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար պարոն Ծառուկյանի կողմից «Իմ քայլի» նախաձեռնած այս նախագծի քվեարկությանը չմասնակցելու վերաբերյալ որոշման բարձրաձայնումից հետո իմ որոշ գործընկերներ մոռացան փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական քննարկում ծավալելու անհրաժեշտության մասին»,- նշեց Տոնոյանը։
Պատգամավորը նշեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը բացառապես նախագծի իրավական առումով ոչ լիարժեք և բազմաթիվ խոցելի մասեր ունենալու հարցով պայմանավորված։
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին՝ ԲՀԿ պատգամավորն ասաց. «Բազմաթիվ անգամներ առիթ ունեցել ենք ասելու, որ նա մեր աչքի լույսը չէ, սակայն մենք չենք մասնակցում ձեր ներկայացրած՝ իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը և չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների ու կոմպետենտության հարցը: Եթե այս հարցի հետ կապված այսքան կարևոր էր խորհրդարանական կոնսենսուսը, երեք խորհրդարանական խմբակցությունների մասնակցությունը, ապա կարելի էր այս նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ հաշվի առնել նույն այդ խորհրդարանական խմբակցությունների կարծիքը, ունենալ նախօրոք քննարկումներ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս հարցը չպիտի այսպես փոքրացվեր, նսեմացվեր. Բաբաջանյան
- ԱԺ-ն քննարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի մասին նախագիծը
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
- Հրայր Թովմասյան. Նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը ԱԺ նիստում որոշման նախագծի քննարկմանը
- Հրայր Թովմասյան. Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է