Սատանիստների համերգը չի կայանա Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում
Հոկտեմբերի 4-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայանալու էր լեհական դեթ մետալի վետերաններ, լեգենդար Vader խմբի համերգը։ Սակայն համերգը չի կայանալու, համենայն դեպս՝ հենց այդ թատրոնում։
Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ թատրոնում հաճախակի ռոք համերգներ են լինում, սա էլ լինելու էր այդ շարքում հերթական համերգը։
«Սակայն այսօր բացահայտվեց մի իրականություն, որը հակասում է այն դիրքին, որ ես բռնել եմ առաջին իսկ օրվանից, ինչ ղեկավարում եմ թատրոնը՝ թատրոնում չպետք է լինի որևէ կուսակցական և կրոնական քարոզչություն։ Լեհական խումբն ունի վառ արտահայտված սատանայական քարոզչություն, չի թաքցնում դա, դրա մասին խմբի ղեկավարը բազմիցս հայտարարել է տարբեր հարցազրույցներում։ Այստեղ բախվեցին երկու սկզբունք՝ ամեն ինչ արել ենք, որ ռոքը պահպանվի Հայաստանում, որովհետև ունի իր հանդիսատեսը, բայց թատրոնը, անձամբ ես միշտ դեմ ենք եղել թատրոնի բեմն օգտտագործել քարոզչական նպատակով՝ լինի արվեստի միջոցով կամ այլն»,- ասաց նա։
Ռ. Բաբայանը համոզված է, որ ճիշը ընտրություն է արել՝ թույլ չտալով խմբի համերգը թատրոնում, որովհետև վաղը, մյուս օրը չէր կարողանա տարբեր տեսակի, մշակույթի անվան տակ ելույթ ունեցող քարոզչական խմբերին արգելել, միշտ կբերվեր այս օրինակը։
«Երևի ավելի շատ իմ մեղքն է. նախօրոք համաձայնություն տալով՝ բացարձակապես չէի ենթադրում, թե ինչ բնույթի խումբ է. Եթե լինեի ծանր մետալի սիրահար, կիմանայի, բայց ավելի շատ ջազ եմ սիրում»,- ասաց նա։
Թատրոնի տնօրենը նշեց, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն թատրոնն է որոշում իր ամբողջ գործունեությունը՝ ինչ ներկայացում է բեմադրում, ում է դահլիճը տալիս վարձակալության։
Համերգը թատրոնում կազմակերպելու առաջարկով Ռ. Բաբայանին դիմել էր հայկական ընկերություն, որը, նրա խոսքով, հաճախ է Հայաստանում կազմակերպում համերգներ, փառատոներ, բացարձակապես իրենց ուղղվածությունը չի այստեղ սատանիստական գաղափարներ ներմուծելը։ Ռ. Բաբայանն առաջարկել է, որ մեկ այլ տեղ ման գան՝ համերգը կազմակերպելու համար։
Vader-ն հայտնի ռոք խումբ է, որը ողջ աշխարհում հանդես է գալիս հյուրախաղերով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան