ԱԳՆ խոսնակ. Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարարի՝ «Վալդայ» համաժողովին ԼՂ խնդրի վերաբերյալ հնչեցված մեկնաբանություններին։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարությունները, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:
Պատասխան. Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից:
Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներմ առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:
Հարց. ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է դիակների փոխանակման, ինչպես նաև փոքրաթիվ քանակությամբ կալանքի մեջ գտնվող անձանց փոխանակման մասին: Կարո՞ղ եք պարզաբանել՝ ինչի մասին է խոսքը:
Պատասխան. Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում:
Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը չի տեսնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ
- Դավիթ Բաբայան. Դիվերսանտներին Բաքվին հանձնելը սարսափելի հետևանքներ է առաջացնելու