ՀՀ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երևույթ է
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ելույթ է ունեցել «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու և աջակցելու մասին զեկույցի» քննարկման ժամանակ:
Կարևորելով զեկույցը՝ պատգամավորը նշել է, որ ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաև աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար:
«Տուժողի սահմանումը կարող է անմիջապես տուժած անձից տարածվել նաև նրա համայնքի վրա, որը թիրախավորվել է՝ որպես ահաբեկչության արդյունք: Ավելին, զեկուցողը իրավացիորեն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններից տուժածներին անհրաժեշտ է հատուկ ֆիզիկական, նյութական և հոգեբանական աջակցություն»,-ասել է պատգամավորը, և շեշտել, որ պետք է համընդհանուր ջանքեր գործադրվեն ահաբեկչությունից տուժածներին պաշտպանելու համար:
«Մենք պետք է հասուն լինենք այս հարցում: Ցավոք սրտի, մեր ադրբեջանցի գործընկերներ տիկին Ֆատալուևան և տիկին Գաֆարովան, չնայած իրենց հարաբերական երկար փորձին այս կառույցում, չեն դադարում էժանագին մանիպուլացիաներ անել և հույս չկա, որ այս ստերը չեն տարածվի: Այն երիտասարդը, որ նկարում էր այս ստահոդ վիդեոները, միայն այդ նպատակը ուներ, մյուս գրանցված ադրբեջանցի գործընկերները նույնպես այդ մոտեցումն են ցույց տալու: Քանի որ խոսքը գնաց ահաբեկչությունից, դժվար է չհիշել այն, որ Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ: Հետո ձեր սիրելի նախագահը նրանց տվեց մայորի կոչում ու բնակարան: Երբ պետությունն է դառնում ահաբեկչության հովանավոր, սա ուղղակի տխուր երևույթ է:
Ես հիշեցնում եմ, որ պատերազմը հաճախ օգտագործվում է՝ որպես ծխածածկույթ ահաբեկչական գործողությունները կոծկելու համար: Դժբախտաբար, սա այն դեպքն էր, երբ 2016-ին Ադրբեջանը ագրեսիայի ենթարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և այս անօրինական ռազմական գործողության ընթացքում ԼՂՀ խաղաղ բնակիչներ կտտանքների և խոշտանգման ենթարկվեցին, որը չուներ ոչ մի ռազմական նպատակ:
Մենք պետք է բարելավենք համապատասխան կոնվենցիան, որը կպաշտպանի ահաբեկչություններից տուժածներին: Այս զեկույցում արդեն դրված են որոշ կարևոր սահմանումներ, ինչպես նաև քաղաքականության առաջարկությունները»,-իր ելույթում ասել է Սոս Ավետիսյանը։