Իրանագետ. Ճիշտ չի լինի ասել, որ Ռոհանիի վերջին այցով հայ-իրանական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ
«Հայաստանը Իրանի հետ մշտապես ունեցել է դրական հարաբերություններ, և, կարծում եմ, հատուկ ընդգծել, որ Իրանի նախագահ Ռոհանիի վերջին այցով հայ-իրանական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, մի քիչ ճիշտ չի լինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Նա նշեց, որ Իրանն ակտիվորեն փորձում է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ, ԵԱՏՄ երկրների մոտ էլ կա նման ցանկություն, այս ձևաչափով համագործակցությունը որոշակի դրական ազդեցություն կունենա նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա։
«Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ակտիվ դերակատարում ստանձնել Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև հատկապես տնտեսական հարաբերություններում, քանի որ հանդիսանում է միակ երկիրը, որը ունի ցամաքային սահման Իրանի հետ, նաև պատմականորեն ձևավորված բավական լավ հարաբերություններ այդ երկրի հետ։ Իրանում էլ բավական դրական վերաբերմունք և սպասումներ կային այս այցի հետ կապված»,- ասաց իրանագետը։
Նա նշեց, որ Ռոհանին հանդիպմանը մի քանի կետով թվարկել է այն սպասելիքները, ծագրերը, որոնք շուրջ կարող են համագործակցել Հայաստանի հետ. «Հիմնականում դրանք վերաբերում էին էներգետիկ ոլորտում համագործակցության խորացմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանը.։ Հատկապես շեշտվում էր ճանապարհային ենթակառուցվածքների կարևորությունը, մասնավորապես ավելի ցանկալի կլինի, որ ավելի բարվոք վիճակի հասցվի Հայաստանի տրանսորտային ենթակառուցվածքների վիճակը»։
Ասուլիսին ներկա իրանագետ Ահարոն Վարդանյանն ասաց, որ Ռոհանին հպանցիկ անդրադարձ է կատարել երկաթգծին։
«Դա ազդակ էր հայկական կողմին, որ այդ ծրագիրը հետաքրքրում է իրանական կողմին, ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձում է բացատրել, որ դրա կարիքը չկա, անօգտակար է։ Միգուցե տնտեսական առումով այն թանկ է և ձեռնտու չէ, բայց ռազմավարական առումով պետք է և Հայաստանին, և Իրանին։ Պետք է ազդակները վերցնել և համապատասխան պատասխան տալ, ծրագիրը կյանքի կոչել, կամ ձեռքը պահել զարկերակին ապագայում կյանքի կոչելու համար, քանի որ այն շատ կարևոր է Հայաստանի համար»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գիտենք մեր ցանկությունը՝ մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը. Փաշինյան
- Ի՞նչ պայմաններում է արվել Պուտինի և Ռոհանիի հետ սելֆին. մեկնաբանում է Փաշինյանը
- Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից
- Հայաստանին հաջողվում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում. իրանագետ
- Մհեր Գրիգորյանը և Հասան Ռոհանին խոսել են էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ
- Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ. Ռոհանի