«Սուսերով պարի» թրեյլերը
Խորհրդային տարիներից հայտնի ռեժիսորը Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» նոյեմբերից 7-ից ցուցադրվելու է Ռուսաստանում։ «Սուսերով պարի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Չինաստանում Շանհայի 22-րդ կինոփառատոնի շրջանակում։
«Սուսերով պարը» պատմում է հայտնի կոմպոզիտոր Արամ Խարատրյանի հանրահայտ «Սուսերով պարի» ստեղծման պատմությունը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը ութ ժամում։ Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին Մոլոտով (Պերմ) քաղաքում։
Գլխավոր դերակատարն է Համբարձում Կաբանյանը։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Հայաստանում, այդ թվում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Խոր Վիրապ վանքում։
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»,- ասել է Արամ Խաչատրյանը:
«Գայանե» բալետի առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում:
««Սուսերով պարը» կոմպոզիտորի խոստովանմամբ, հանկարծակի է ծնվել: «Գայանե»-ի պարտիտուրի ստեղծումից հետո սկսվեցին փորձերը: Թատրոնի տնօրենը իր մոտ կանչեց Խաչատրյանին՝ ասելով, որ վերջին գործողության մեջ հարկավոր է պար ավելացնել: Կոմպոզիտորն այն դժկամորեն արեց, քանի որ բալետն ավարտված էր համարում: Այդուհանդերձ, այդ միտքը ստիպեց նրան մտածել:
«Պարը պետք է արագ, մարտական լինի, - հիշում էր Խաչատրյանը։ - Ձեռքերս անհամբերությամբ ակորդ վերցրեցին, և ես սկսեցի մաս-մաս նվագել այն, ինչպես օստինատային, կրկնվող դարձվածք: Կտրուկ շարժում էր անհրաժեշտ. ես վերցրեցի վերևի ձգվող տոնը: Ինչ-որ բան ինձ «բռնեց». ահա, կրկնենք ուրիշ տոնայնության մեջ: Սկիզբը դրված է: Այժմ կոնտրաստ է անհրաժեշտ... Բալետի երրորդ պատկերում երգային թեմա, լիրիկական պատկեր ունեմ: Մարտական սկիզբը ես միացրի այդ թեմային՝ այն սաքսաֆոնն է կատարում, ապա վերադարձա սկզբին, սակայն արդեն նոր որակով: Սկսեցի աշխատել ցերեկվա ժամը 3-ին, իսկ մոտավորապես գիշերվա 2-ին ամեն ինչ պատրաստ էր: Առավոտյան ժամը 11-ին պարը հնչեց փորձի ժամանակ: երեկոյան այն բեմադրվեց, իսկ հաջորդ օրն արդեն գլխավոր փորձն էր ... »» (khachaturian.am):
«Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան առաջին կարգի մրցանակի: