ՏՄՊՊՀ նախագահը՝ կոնյակի, այլ ալկոհալային խմիչքների, հագուստի շուկաներում իրականացվող ստուգումների մասին
Շաքարավազի գնի իջեցումը դեմպինգի արդյունքում չի եղել, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված շաքարավազի գնի իջեցումը։
Նրա խոսքով՝ շաքարավազի շուկայում ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել, ինչը պայմանավորված է նոր ընկերությունների առկայությամբ. «Ուրախալի լուրն այն է, որ հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ»։
Նշենք, որ շաքարավազի խոշոր ներմուծողը «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է։
Անդրադառնալով կոնյակի շուկային՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ այս շուկայում ավելի շատ անբարեխիղճ մրցակցությունների մասին է խոսքը գնում։ «Հայկական կոնյակը պետք է հստակ պահպանի այն ստանդարտները, որոնք կան օրենքով ամրագրված»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ կոնյակի շուկայում ստուգումներ են իրականացնելու թե մթերումների, թե խմորումների շրջանում, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և հայտարարված մթերման ծավալների թվերը համընկնեն։
«Եթե մթերումների կամ խմորման պրոցեսի, այսինքն՝ թորման պրոցեսի արդյունքում մենք բացահայտեցինք, որ անհամապատասխանություն կա, ռիսկային սուբյեկտներում ստուգումներ կիրականացնենք»,-ընդգծեց Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ այս շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան։
Նրա խոսքով՝ ալկոհոլային խմիչքների շուկայում առկա խնդիրներից առանձնացրեց այն, որ հայտնաբերել են դեպքեր, երբ ներկայացված է եվրոպական կամ ռուսական արտադրության բրենդային օղի, որը շշալցված տվյալ ընկերությունների կողմից։ «Մենք արդեն երկրորդ վարույթն ենք իրականացնում»,- ասաց նա։
ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց նաև, որ ստուգումներ են անցկացնելու Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների մասով, մասնավորապես, կստուգեն ներկրված կենղաղային իրերը, հագուստը և այլն։
«Բոլորդ տեսնում եք Հայաստանում բրենդային հագուստներ, որոնք, ակնհայտ է, տվյալ բրենդին չեն պատկանում»,- նշեց Գեղամ Գևորգյանը: