Փոփոխություններ՝ զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում
Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն։ Որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Այսպիսով, հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները, ՄՈԳ-ի շեմը սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:
Բացի այդ, հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ գնահատելու հարցազրույցի արդյունքները:
Պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը։
Տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է:
Միաժամանակ հստակեցվել են միջին որակավորման գնահատականը և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր:
Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մեջ:
Նախատեսվել է նաև միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևոր փոփոխություններից առանձնացրեց այն, որ եթե դիմորդը համապատասխանում է տարկետման այս պայմաններին, արդեն 17 տարեկան դիմորդները հնարավորություն կունենան տարկետում ստանալու:
«Խնդիրն այն է, որ եթե ուսանողը արտասահմանում ընդունվել է որևէ համալսարան, համապաստախանում է տարկետման պայմաններին, նա 17,5 տարեկանում հնարավորություն չի ունենում տարկետում ստանալ, և նաև շատ հաճախ երկիրը լքելու հնարավորություն չի ունենում, որ գնա առաջին սեմեստրն այնտեղ սովորի, հետո վերադառնա ու նոր տարկետում ստանա: Կառավարության աշխատակազմի առաջարկը եղել է այն, որ եթե դիմորդը համապատասխանում է տարկետման պայմաններին, 17 տարեկան նրան հնարավարություն տրվի տարկետում ստանալու»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսով տարկետում տալու համար հարցազրույցը հանվում է և գրավոր ընթացակարգերով է դա տեղի ունենալու, և սրանով սուբյեկտիվիզմի գործոնը կա´մ վերանում է, կա´մ նվազագույնի է հասցվում:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանձնաժողովն առավելագույնս օբյեկտիվ է եղել, բայց քանի որ հանձնաժողով է, ապա առնվազն սուբյեկտիվության մեղադրանք կարող է լինել:
Վարչապետի կարծիքով՝ սա ճիշտ որոշում է, հանձնաժողովի կամ նախարարության գործը տեխնիկական է դառնում, ամեն մարդ ինքն է հետագա անելիքի մասին որոշում կայացնում: «Սա կարևոր առաջընթաց է և կարևոր փոփոխություն է»,- նշեց նա։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նկատեց, որ կառավարության որոշմամբ, տարկետում է տրվում մինչև 18 տարին լրանալը, ինչը օրենքի հետ որոշակի հակասություն ունի։
«Խոսքն ավելի շատ վերաբերում է բուժփորձաքննությանը: Բոլոր զինապարտները բուժփորձաքննություն են անցնում 18 տարեկանում մինչև զորակոչը: Այսինքն՝ օրինակ, ուսանողը գտնվելով Լոնդոնում, պետք է վերադառնա, անցնի բուժփորձաքննություն, ստանա տարկետում և ուսումը շարունակի: Այս նախագծով մենք ասում ենք 17 տարեկանում գնա արտասահմանում սովորի, կավարտես, 21-22 տարեկանում կգաս, նոր բուժփորձաքննություն կանցնես: Մենք առաջարկում ենք, որ եթե այդպիսի բան ենք որոշում, փոփոխություն կատարենք նաև օրենքում, որովհետև զինակոչիկի պարտականությունները ծագում են 18 տարեկանը լրանալիս»,- նշեց Դավիթ Տոնոյանը։