«Հարգելի վարչապետ, ձեր մի կանչով իր գյուղի բնակիչներին ուղարկել է Ազգային ժողովի շենք»
ՀՀ կառավարության շենքի առջև հավաքվել են քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր խնդիրը բարձրաձայնելու և պատկան մարմիններին հասցնելու համար։
Արարատ մարզի Նորաշեն համայնքի բնակիչները նույնպես այսօր հավաքվել են կառավարության շենքի առջև։ Նրանք երկու օր Արարատում են ակցիա կազմակերպել՝ բողոքելով իրենց գյուղապետ Նորայր Գրիգորյանի՝ լիազորությունները դադարեցնելու որոշումից, իսկ այսօր որոշել են արդեն կառավարության մոտ շարունակել իրենց բողոքը։
«Ուժ և իրավունք» ՀԿ նախագահ, արարտցի Ալինա Մախսուդյանը հայտարարեց, որ Նորաշենի գյուղապետին անհիմն, անօրինական, չորս հոգով համագործակցելով մարզպետի հետ որոշել են դադարեցնել նրա լիազորությունները. «Անհեթեթ փաթեթ են ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ պատասխանել են, որ լիազորությունները վայր են դնում, երկու ամիս անց նոր ընտրություններ են լինելու։
Հարգելի կառավարություն, մենք այդքան շռայլ գումարներ ունենք, որ երկու ամիսը մեկ ընտրություն անենք։ Մի քանի ամսից հերթական ընտրություններն էին լինելու, այդ ի՞նչ խաղեր եք խաղում։ Արարատի մարզում այնքան կոռումպացված գյուղապետեր կան, լավ գիտեք իրենց տեղերը, մարզպետ Գարիկ Սարգսյանն առավել ևս գիտի։ Ի՞նչ է նշանակում ընդամենը երկու տարվա գյուղապետի հետ անձնական հարցեր լուծել պետական մակարդակով»։
Նրա խոսքով, Ն. Գրիգորյանին առաջարկվել է մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, հրաժարվել է, բայց միշտ եղել է իշխանության կողքը։
«Հարգելի վարչապետ, ձեր մի կանչով իր գյուղի բնակիչներին ուղարկել է Ազգային ժողովի շենք անձամբ ինքն իր անձնական միջոցներով, եղել է ձեր կողքին, հիմա անօրիանական ստիպում են ազատվել զբաղեցրած, բայց ընտրովի պաշտոնից»,- ասաց Ա. Մախսուդյանը ։
Մարզպետի որոշմամբ համայնքի ղեկավար է նշանակվել Արտակ Հարությունյանը։ Նորաշենցիների խոսքով, նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։
Նորաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Քնարիկ Ղազարյանն ասաց, որ 2,6 տարի աշխատում են Նորայր Գրիգորյանի հետ, գոհ են թե վերաբերմունքից, թե հարգանքից, այսքան ժամանակ որևէ թերություն չեն նկատել։
«Մենք մեր պարոն Գրիգորյանին ենք ուզում, այլապես չենք աշխատելու։ Մենք պահանջում ենք արդարություն»,- ասաց նա։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
- «Արարատի մարզպետը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը»
- Զարմիկիս նշանակել եմ ինձ օգնական, ազգականիս՝ խորհրդական. Արարատի մարզպետ
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան