Հասկացանք, որ ալերգիա է առաջացնում «վեթինգ» բառը. վարչապետ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ռազմավարության քննարկման ժամանակ նշեց, որ փաստաթղթի վերաբերյալ իրենց տեսակետը հայտնել են հունիսի 21-ին, սակայն այդ ժամանակ ներկայացված ռազմավարության մեջ նախատեսված չի եղել ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու հարցը։ Ըստ նրա՝ ավելի ուշ քննարկումների ժամանակ է այդ գաղափարն առաջացել։
ՊԵԿ նախագահն առաջարկեց հնարավորություն տալ ավելի խորը վերլուծություն ներկայացնելու, որ հարկային հսկողության շրջանակներում քննչական վարչություն չունենալու հանգամանքը որևէ ձևով չվտանգվի:
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ առաջարկեց այստեղ ներառել նաև ԱԱԾ-ն։
«Սա վերաբերում է նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը նախորդող երեք տարիներին, անցումային շրջանում կոռուպցիոն հանցագործություններով քննությունը բացառապես տրվում է ՀՔԾ-ին և Քննչական կոմիտեին։ Ես կառաջարկեի ներառել նաև ԱԱԾ-ն, որպեսզի կարողանանք սահուն կերպով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից գործերի քննության արդյունավետությունը»,- նշեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ինչ քննարկել են վերջին անգամ, այդ տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվել. «Այս աշխարհում իդեալական լուծումներ չկան, որոնցից բոլորը 100%-ով տոկոսով գոհ կլինեն»։
Այնուհետև վարչապետը շարունակեց. «Ինձ ամեն անգամ զարմացնում է, որ երբ հարցը գալիս, հասնում է կառավարության նիստ ու պարզվում է, որ ինչ-որ օղակ չի քննարկել։ Իմ մասնակցությամբ առնվազն երեք քննարկում է եղել։ Այս տրամաբանությամբ մենք անընդհատ տեղում կդոփենք, սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է։ Չի կարելի հարցերի քննարկումն անվերջ ձգել»։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ վեթինգին՝ նշելով, որ հայտարարություններ են հնչում, թե կառավարությունը հրաժարվել է դրանից։
«Մենք հասկացանք, որ «վեթինգ» բառը մեծ ալերգիաներ է առաջացնում, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ ՀՀ դատավորի, պաշտոնյայի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան